Նոր Նորքում կկանգնեցվի նախկին թաղապետի հուշարձանը

Երևանի ավագանին 8-րդ նստաշրջանի իր 1-ին նիստում այսօր հաստատել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի (Գայի պող.-17) հարակից տարածքում տեղադրելու վերաբերյալ նախագիծը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Որոշման համար հիմք են հանդիսանում Նոր Նորք վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկություններն ու դրա վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարի միջնորդությունը՝ հաշվի առնելով վարչական շրջանի զարգացման, կառուցապատման բնագավառներում Դավիթ Պետրոսյանի ներդրումը:

Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանը, որ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի որդին է, հանկարծամահ է եղել երեք տարի առաջ՝ սեպտեմբերի 14-ին, 43 տարեկան հասակում: Նա Նոր Նորքը ղեկավարել է ավելի քան յոթ տարի:

Նիստի ընթացքում ավագանին հավանության է արժանացրել նաև Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասում գտնվող այգին «Կաղնուտ» անվանակոչելու մասին նախագիծը: Այգին, որտեղ գերակշռում են կաղնի ծառատեսակները, հիմնադրվել է դավթաշենցիների կողմից տարիներ առաջ և մինչ օրս չի անվանակոչվել: