Երևանյան տոնավաճառները կկազմակերպվեն հաստատված կարգով

Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշել է, որ մայրաքաղաքում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին տոնավաճառները կկազմակերպվեն հաստատված կարգով, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ներկայացված նախագիծը պայմանավորված է Երևան քաղաքում տոնավաճառների (վերնիսաժներ) կազմակերպման պայմանների սահմանման անհրաժեշտությամբ: Կազմակերպիչների կողմից կապահովվեն մասնակցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հարամարությունները: Միաժամանակ՝ գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպումը նպատակ ունի Երևանի բնակչությանն ապահովել գյուղատնտեսական մթերքներով` խթանելով մրցակցությունը գյուղատնտեսական մթերքների առևտրի ոլորտում:

Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին նախագիծը:
Երևանի ավագանին հաստատել է նաև Երևանի և Մարսելի քաղաքապետարանների միջև եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրի համատեքստում համագործակցության համաձայնագիրը, որով նախատեսվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի վերակառուցում: Համաձայնագրով նախատեսված վարչական և ֆինանսական համակարգումը կիրականացվի միջազգային եվրոպական դեպարտամենտի կողմից:

Մեկնաբանել