Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի առաջին դեմքերին

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին սեպտեմբերի 10-ին ընդունել է երկրի նախագահ Միշել Սլեյմանը, հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես՝ կարևորվել է միջազգային կազմակերպություններում երկկողմ սերտ համագործակցությունը: Այս համատեքստում դեսպանը լիբանանյան կողմին Հայաստանի կառավարության երախտագիտությունն է հայտնել Չմիացած երկրների շարժման շրջանակում սերտ համագործակցության և շարունակական աջակցության  համար:

Աշոտ Քոչարյանը Միշել Սլեյմանին ներկայացրել է նաև մանրամասներ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ: Դեսպանը հայտնել է, որ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:

Դեսպանն ընդգծել է, որ շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել և խոր անհանգստություն են արտահայտել  հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի կապակցությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Բեյրութում` Հունգարիայի դեսպանության շենքի առջև:

Լիբանանի նախագահը ըմբռնումով է ընդունել ներկայացված տեղեկատվությունը` հույս հայտնելով, որ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կշարունակվեն:

Միշել Սլեյմանը խնդրել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ջերմ շնորհավորանքները շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակի կապակցությամբ:

Նույն օրը Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ, ում նույնպես ներկայացվել են մանրամասներ ադրբեջանա-հունգարական գործարքի վերաբերյալ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է Հայաստանի Ազգային ժողովի սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստի մասին և Նաբիհ Բըրրիին է փոխանցել այնտեղ ընդունված հայտարարությունը: