Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Ժան Ասելբորնին, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հիմնադիր պետության՝ Լյուքսեմբուրգի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը, և արտգործնախարար Ժան Ասելբորնի այցը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվելու այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկման համար:
Ժան Ասելբորնը շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ ընդգծել է, որ ինքը Հայաստան է ժամանել հարաբերությունները խորացնելու հստակ ուղերձով և ուրախ է արձանագրել, որ Հայաստանն ունի նույն մոտեցումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերը։ Նախարարներն արձանագրել են Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի գրանցած առաջընթացը:

Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը մանրամասն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը ներկայացրել է Եվրոպայում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման պատճառով ստեղծված իրավիճակը:

Մեկնաբանել