Ամեն ինչ արեցինք հաղթանակի հասնելու համար. Տարոն Ոսկանյան

Հայաստանի երիտասարդական հավաքականը երեկ 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում ոչ ոքի ավարտեց Մոնտենեգրոյի իրենց հասակակիցների հետ հանդիպումը:

Հաջողության հասնելու դեպքում մեր երիտասարդները կշարունակեին պայքարը փլեյ-օֆֆում, սակայն մրցակցի դարպասը գրավել չստացվեց: Որակավորման այս փուլում Մ21 տարեկանների մեր ընտրանին ելույթներն ավարտեց խմբում երկրորդ հորիզոնականում` իրենից առաջ թողնելով միայն Չեխիայի հավաքականին:

Մեր մարզական գործընկեր SportArmenia-ի հետ զրույցում կայացած խաղի, ինչպես նաև ընտրական փուլում հավաքականի ելույթների մասին պատմել է «Փյունիկի» երիտասարդ պաշտպան Տարոն Ոսկանյանը:

-Տարոն, ի՞նչ տրամադրություն է հավաքականի ճամբարում:

-Բնականաբար շատ տխրեցինք, բայց մենք ամեն ինչ արեցինք հաղթանակի հասնելու համար: Պարզապես վերջնական հարվածը չհերիքեց մեզ, հաջորդ փուլ անցնելու շատ լավ հնարավորություն կար, ցավոք չստացվեց:

-Նման պատասխանատվության պատճառով լարվածությունն ավելի՞ մեծ էր:

-Այո, խաղի արժեքից ելնելով մի փոքր լարվածություն կար, բայց մեր մարզիչներն ամեն ինչ արել էին, որ չզգանք այդ լարվածությունը:

-Ասացիր, որ չհերիքեց վերջնական հարվածը… Ի՞նչն էր խանգարում, մեր գործողություններում շտապողականությո՞ւն կար:

-Խաղասկզբում դարպասը գրավելու շատ լավ պահ ունեինք ու եթե դա գոլով ավարտվեր, մեր խնդիրը շատ կհեշտանար ու ավելի հանգիստ խաղ կընթանար: Սակայն ժամանակն ինչքան անցնում էր, այնքան մեր գործողություններում սկսում էր շտապողականություն նկատվել:

-Մոնտենեգրոյին հաջողվե՞ց զարմացնել իրենց ցուցադրած խաղով:

-Մրցավեճից առաջ մենք մանրամասն ուսումնասիրել էինք նրանց խաղը և գիտեինք ինչ խաղաոճ ունեն: Նրանք ոչնչով չզարմացրին մեզ:

-Այդուհանդերձ, պայքարը, ցավոք, ավարտված է մեզ համար: Ի՞նչ գնահատական կտաս երիտասարդականի ելույթներին այս ընտրական փուլում:

-Բարձր գնահատական կտամ: Մեր պատմության մեջ սա առաջին դեպքն էր, որ մինչև վերջին խաղը իրական հնարավորություն կար անցնելու հաջորդ փուլ: Մեր թիմում շատ լավ մթնոլորտ է: Բոլորս մի ընտանիքի պես ենք: Եվ խաղացողները, և մարզիչները շատ պրոֆեսիոնալ մոտեցում էին ցուցաբերում, որն էլ, կարծում եմ, հաջողության գրավականն էր: Շատ կցանկանայինք այս թիմով շարունակել պայքարը, ցավոք կորցրածը ետ բերել չես կարող:

-Իսկ ե՞րբ եք վերադառնում:

-Վաղն առավոտյան:

-Այսինքն Բուլղարիայի հետ ազգային հավաքականի խաղին Մոնտենեգրոյի՞ց եք հետևելու:

-Խաղի ժամանակ հավանաբար արդեն կլինենք օդանավակայանում: Այնուամենայնիվ, մեր ընտրանուց գեղեցիկ խաղ ու հաղթանակ եմ ակնկալում: Համոզված եմ` դա կհաջողվի մեր տղաներին:

Մեկնաբանել