Գերմանիայում Pussy Riot-ի դատավարության մասին ներկայացում է բեմադրվել

Բեռլինում կայացել է Pussy Riot ռուսական փանկ խմբի դատական գործին նվիրված ներկայացման առաջնախաղը:

Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում «Աստվածամայր, վռնդիր Պուտինին» փանկ-աղոթքի կատարման համար Pussy Riot կանացի խմբի երեք անդամ երկուական տարի ազատազրկման դատապարտվեց: Դատական նիստերի նյութերի հիման վրա ստեղծված ներկայացումն այն բազմաթիվ ակցիաներից մեկն է, որ կազմակերպվում են ամբողջ աշխարհում ի զորակցություն խմբի աղջիկների: Հանդես են գալիս Մաքսիմ Գորկու անվան գերմանական պետական թատրոնի դերասանները: Սեպտեմբերի 9-ին կայացած պրեմիերան անվճար է եղել:

Pussy Right բեմադրությունում դատական արձանագրությունների ընթերցումն ընդհատվում է հատվածներով Սոֆոկլեսի «Անտիգոնե»-ից: Հիշեցնենք, որ այս ողբերգության կենտրոնական թեման չգրված կանոնների և օրենքի կոնֆլիկտն է: Բեմադրության գաղափարը քաղաքական լրագրող Սերգեյ Լագոդինսկունն է, որը բնակվում է Բեռլինում: 

Ներկայացման հեղինակները համարում են, որ Անտիգոնեի և Pussy Riot-ի միջև որոշակի զուգահեռներ կան. ողբերգության հերոսուհին, փանկ խմբի մասնակիցների նման, ըմբոստանում է ընդունված կանոնների դեմ: Լագոդինսկին հույս է հայտնել, որ պիեսը կընկալվի իբրև կատարվածի պատմական գիտակցման փորձ, ոչ թե պուտինյան ռեժիմի էժանագին քննադատություն: Իսկ նախագծի պրոդյուսեր Դեվիդ Մասը հայտարարել է, որ ներկայացումը Pussy Riot-ի անդամների դատապարտման դեմ բողոքի ևս մեկ փորձ է: