Այդ հիմար օրենքը պիտի մի տասը անգամ կրճատվի. Հրանտ Բագրատյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի մասին

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իր օրենսդրական նախաձեռնությունների մասին:

«Ինչպես գիտեք, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու և հանքարդյունաբերության մեջ իրական ռոյալթին մտցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ եմ ցուցաբերել: Ինձ համար անհասկանալի պատճառներով դրանք չհայտնվեցին աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային: Նախ՝ չգիտես ինչու ԱԺ իրավաբանական վարչությունը ինչ-որ դիտողություններ արեց: Օրինակ՝ «նախագիծ» բառը գրել մեծատառ և ձախ անկյունից տեղափոխել աջ անկյուն: Մեկ այլ վարչություն էլ մի ուրիշ դիտողություն արեց: Պետք է նշեմ, որ ԱԺ վարչությունները ոչ միայն ՀՀԿ-ինն են, այլև ընդդիմությանը, և նրանց խնդիրը օգնելն է, ոչ թե խանգարելը: Իհարկե, նրանց արած դիտողությունը ոչ մի նշանակություն չունի, մենք անում ենք մեր պատգամավորական նախաձեռնությունը: Բայց մի բան է ակնհայտ, որ այդ ամենի արդյունքում ցանկացած նախաձեռնություն կարող է անվերջ երկարաձգվել: Ի դեպ՝ երկարաձգման այդպիսի մի փայլուն փաստաթուղթ է, այսպես կոչված, ԱԺ կանոնակարգ օրենքը: Տասնամյակներով մտածել են, թե ինչպես անեն, որպեսզի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը փոշիացնեն: Այս ամենը պիտի փոխվի: Այդ հիմար օրենքը պիտի մի տասը անգամ կրճատվի: ԱԺ-ն պետք է դառնա պառլամենտ, այն նախարարություն չէ»,- գրել է Բագրատյանը՝ մինչ այդ ներողություն խնդրելով, որ ՀԱԿ-ի օրենսդրական նախաձեռնություններն ուշանում են:

Մեկնաբանել