Չինացիները գուշակում են, թե ուր է կորել իրենց ապագա առաջնորդը

Չինաստանում տարատեսակ լուրեր են պտտվում երկրի փոխնախագահ Սի Ցզինպինի (որը պաշտոնապես համարվում է Հու Ձինթաոյի ապագա ժառանգորդը երկրի առաջնորդի պաշտոնում) գտնվելու վայրի մասին․ նա արդեն մեկ շաբաթ է՝ հանրության առջև չի երևացել, հաղորդում է BBC-ն։

Երկուշաբթի Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը չեղյալ է հայտարարել հանդիպումը Դանիայի վարչապետի հետ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա նրա մասնակցությամբ արդեն չորրորդ ծրագրված, բայց չեղյալ հայտարարված խոշոր միջոցառումն էր։

Անցյալ ուրբաթ նա չէր կարողացել ներկա լինել Չինաստանի կոմունիստական կուսակցության (որի ղեկավարներից մեկն ինքն է) կարևոր ժողովին։

Սի Ցզինպինը պետք է պաշտոնապես հայտարարվի Չինաստանի նոր նախագահ հաջորդ ամիս կայանալիք կուսակցական համագումարում։

Սակայն այս միջոցառման վերջնական ամսաթիվը դեռևս նշանակված չէ, և դա միայն ամրապնդում է շատ վերլուծաբանների այն համոզմունքը, որ Չինաստանում իշխանության փոխանցման հարցը դեռ վերջնականապես լուծված չէ։

«Որևէ տեղեկություն չկա»

Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինի՝ Դանիայի վարչապետ Հելլե Թոռնինգ-Շմիդտի հետ գալիք հանդիպման մասին հաղորդագրությունները լրագրողներին ուղարկվել էին օրեր առաջ, սակայն երկուշաբթի այդ բանակցությունները պաշտոնապես չեղյալ հայտարարվեցին։

Անցյալ չորեքշաբթի Սի Ցզինպինն անսպասելիորեն չեղյալ էր հայտարարել հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, թեև այս տարի՝ ավելի վաղ, Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ցզինպինին ընդունել էին պետության ղեկավարին վայել կարգով։

Անցյալ շաբաթ նա նաև չեղյալ էր հայտարարել բանակցությունները Սինգապուրի վարչապետի և ռուս բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության հետ։

Երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը խուսափել է Սի Ցզինպինի բացակայության պատճառների վերաբերյալ հարցին պատասխանելուց՝ հայտարարելով, որ այդ կապակցությամբ որևէ տեղեկություն չունի։

Դրանից հետո չինական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին ընտրել Չինաստանի փոխնախագահի անհետացման տարբերականեր և քննարկել ամենատարբեր վարկածներ՝ ավտովթարից մինչև իշխանության համար քողարկված պայքար։

Շուտով միկրոբլոգների չինական կայքերն արգելափակեցին Սի Ցզինպինի անունով տեղեկատվություն փնտրելու հնարավորությունը։

Մինչև վերջին ժամանակներս համարվում էր, որ Չինաստանի փոխնախագահը պետք է պաշտոնապես գլխավորի երկիրը հոկտեմբերի երկրորդ կեսին՝ Կոմունիստական կուսակցության՝ հինգ տարին մեկ անցկացվող համագումարում։

Սակայն այս միջոցառման ամսաթիվը մինչ այժմ հայտարարված չէ, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ Չինաստանի կոմկուսի քաղբյուրոյի 9-տեղանոց մշտական կոմիտեում որոշ աթոռներ դեռևս չեն գտել իրենց ապագա տերերին։

Մի քանի ամիս առաջ Չինաստանը ցնցեց վերջին տարիների խոշորագույն քաղաքական սկանդալը, երբ վարկաբեկվեց և կուսակցական ղեկավարությունից հեռացվեց Կոմունիստական կուսակցության ծագող աստղ Բո Սիլայը, որի կինը ավելի ուշ ճանաչվեց մեղավոր բրիտանացի գործարարի սպանության մեջ։

Ինչևէ, որոշ մեկնաբանների կարծիքով՝ բացառված չէ, որ պարզապես փոխնախագահ Սի Ցզինպինի մեջքն է ցավել։

Մեկնաբանել