Սոչիում ինքնասպանություն է գործել հայազգի երիտասարդ պատգամավորը

Սոչիում ինքնասպանություն է գործել քաղաքային ժողովի երիտասարդական խորհրդարանի հայազգի պատգամավոր, 20-ամյա Վլադիմիր Ավագյանը, հաղորդում է lifnews.ru-ն:

Պատահարը տեղի է ունեցել Սվետլանովսկի կամրջի վրա՝ տասնյակ զբոսաշրջիկների աչքի առջև: Չնայած Ավագյանին կանգնեցնել փորձող անցորդների աղաղակներին՝ նետվել է 27 մետր բարձրությունից:

Ականատեսները դեպքի վայր ժամանած ոստիկանությանը հայտնել են, որ երիտասարդը եղել է «լավ հագնված, ձեռքին եղել է պորտֆել, անձը հաստատող փաստաթուղթ, իսկ հեռախոսը անդադար զանգել է»:

Երիտասարդ պատգամավորին չի հաջողվել փրկել: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են գլխի և ողնաշարի վնասվածքներ, որոք անհամատեղելի են կյանքի հետ:

Նախնական վարկածի համաձայն՝ երիտասարդը նման քայլի է դիմել ընտանեկան խնդիրների պատճառով: Մտերիմները պատմել են, որ նա բարդ հարաբերություններ է ունեցել հոր հետ:

Նշենք, որ Ավագյանը Սոչիում հայտնի է խաղատների և անօրինական ավտոկայանումների դեմ պայքարի իր նախաձեռնություններով:

Մեկնաբանել