Իտալացիները Եվրոպայի ամենաանկարգապահ վարորդներն են

Վերջերս անցկացված լայնածավալ հարցման արդյունքում պարզվել է, որ եվրոպական մայրցամաքում ամենավատ վարորդները իտալացիներն են: Հարցմանը մասնակցել է շուրջ 30 հազ. եվրոպացի: «Լավագույն» եռյակում են իտալացիները, հույներն ու լեհերը:

Այսպես՝ իտալացի վարորդների օգտին քվեարկել է մարդկանց 23%-ը. նրանք արժանացել են «վատագույնների» տիտղոսին՝ առաջ անցնելով անցյալ տարվա առաջատար հույներից, որոնք այս անգամ հավաքել են ձայների 15%-ը:

Երրորդ հորիզոնականում են լեհերը՝ 14%-ով, որոնք առաջին անգամ են ընդգրկվել այս «պատվավոր» ցանկում: Հետաքրքիր է, որ հարցված իտալացիների մեծ մասը հենց իրենց հայրենակիցներին է նշել որպես ամենավատ վարորդներ:

Իսկ ահա ամենաօրինապահ ավտոսիրողները գերմանացիներն ու ֆրանսիացիներն են, որոնք ճանաչվել են Եվրոպայի ամենաքաղաքավարի և ուշադիր վարորդներ: