Եգիպտոսը պաշտոնական հարաբերություններ է հաստատել «Համասի» հետ

Եգիպտոսի կառավարությունը պաղեստինյան «Համաս» իսլամիստական շարժմանը թույլատրել է մշտական ներկայացուցչություն բացել Կահիրեում, գրում է իսրայելական «Եդիոթ Ահրոնոթ» պարբերականը՝ վկայակոչելով արաբական մամուլը։

Համաձայն պարբերականի տեղեկատվության՝ պաղեստինցի իսլամիստների և Եգիպտոսի իշխանությունների միջև հարաբերությունների բարելավման շրջանակում ակտիվ համագործակցություն է սկսվել նրանց անվտանգության և հետախուզական ծառայությունների միջև։

Մասնավորապես՝ «Համասի» ներկայացուցիչները եգիպտացիներին հանձնել են այս տարվա օգոստոսին Ռաֆահ անցակետի վրա իրականացված հարձակման (որի ընթացքում սպանվել էր եգիպտացի 16 սահմանապահ) հետ կապ ունեցող ահաբեկիչների ցուցակները։ Գազան Կահիրեին նաև խոստացել է առավելագույնս աջակցել այդ մարդկանց ձերբակալման հարցում։

Ակնկալվում է, որ շուտով Գազայում «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիան կայցելի Կահիրե, որտեղ բանակցություններ կիրականացնի եգիպտացի բարձրաստիճան անձանց հետ։ Ակնկալվում է նաև, որ կքննարկվի Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Պաղեստինցիները լիահույս են, որ դա կթեթևացնի Իսրայելի կողմից տնտեսական շրջափակումը։

Այս ծրագրերի իրականություն դառնալու դեպքում դա կլինի Հանիայի արդեն երկրորդ այցը Եգիպտոս Մուհամադ Մուրսիի նախագահության ընթացքում։ Եգիպտոսի նոր նախագահն ու Հանիան առաջին անգամ հանդիպել էին օգոստոսին։

«Համաս» շարժումը արմատներով գնում է դեպի եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որի ներկյացուցիչ է Մուրսին։ Մեծամասամբ հենց այս իսկ պատճառով է երկու կողմերի ներկայացուցիչների միջև վերջին շրջանում կառուցվում շատ արդյունավետ երկխոսություն։ Հոսնի Մուբարաքի նախագահության և դրան հաջորդած զինվորական կառավարման ժամանակ Եգիպտոսի իշխանությունները մեծ զգուշավորությամբ էին վերաբերվում «Համաս» շարժմանը՝ կասկածելով նրան եգիպտացի իսլամիստներին աջակցելու մեջ։ «Համասի» առաջնորդները, իրենց հերթին, անբարյացակամորեն էին վերաբերվում Եգիպտոսի նախկին ղեկավարության՝ Իսրայելի հետ սերտ կապերին։