Լիմայում գրողները կռվի կբռնվեն

Պերուի մայրաքաղաք Լիմայում գրողները պատրաստ են կռվել սեփական գրքերը լույս ընծայելու համար: Նրանք հրապարակային հատուկ գրական մրցումներ են կազմակերպում, որոնց ընթացքում հանդես են գալիս ռեստլեր-մարտիկների դիմակներով:

Այս դեպքում դիմակները պահպանում են մասնակիցների անանունությունը և դիտարժան դարձնում միջոցառումը:

Գրողների մրցույթը ճիշտ ռեստլերների մարտերի օրինակով է անցկացվում, որտեղ մասնակիցները ֆիզիկական ուժի փոխարեն գրական տաղանդի ուժն են չափում: Հինգ րոպեի ընթացքում գրողները պիտի պատմվածք հորինեն, որը ժյուրիի կողմից ընտրված երեք սյուժետային գիծ պետք է պարունակի: Մրցույթը հաղթողը հնարավորություն է ստանում հրատարակել իր ստեղծագործություններից մեկը:

Գրական իմպրովիզացիայի Lucha Libro մրցումները Լիմայում արդեն երկրորդ անգամ են անցկացվում: Գրողների զույգերը հանդիպում են ամեն տարի մի քանի շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի հայտնի La Noche բարում: Առաջին սեզոնի չեմպիոն Ֆրանսիսկո Էրմոսան արդեն արժանացել է իր գլխավոր մրցանակին:

Մրցարշավի կազմակերպիչ Քրիստոֆեր Վելասկեսը դեռևս տասը տարի առաջ է մտահղացել այս միջոցառումը՝ տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողների առաջխաղացմանը նպաստելու համար:

Թեև գրական իմպրովիզացիայի ժանրը հարյուրամյակների պատմություն ունի՝ մրցումները դեռևս երբեք իրական մարտի տեսքով չեն անցկացվել: Վելասկեսի ընտրած ձևաչափը մեծ խանդավառությամբ է ընդունվել պերուացի գրողների կողմից:

Ժյուրիի կազմում ընդգրկված են գրողներ, լրագրողներ և մշակույթի գործիչներ: Այս սեզոնին 32 հեղինակ է մասնակցում: Նրանց հանդիպումներին յուրաքանչյուր շաբաթ մոտ 200 մարդ է հետևում, որոնք մասնակցում են ժյուրիի քննարկմանը, երկրպագում իրենց ֆավորիտներին: Կազմակերպիչները, տեսնելով միջոցառման հաջողությունը, հատուկ ձեռնարկ են պատրաստել նրանց համար, ովքեր կցանկանան նման միջոցառում կազմակերպել սեփական քաղաքում:

Մեկնաբանել