Սեյրան Օհանյանն ընդունել է Գերմանիայի ԶՈՒ գործողությունների հրամանատարին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Գերմանիայի զինված ուժերի գործողությունների հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին, հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից :

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ծրագրած «ԱՅՍԱՖ» գործողության կազմում ԳԴՀ զինված ուժերի հետ համագործակցությունը. «Հայ զինծառայողներն արդեն երկու և կես տարի է հաջողությամբ պատասխանատվության իրենց մասն են կրում Աֆղանստանում՝ ԳԴՀ և այլ երկրների զինծառայողների հետ համատեղ: Այդ հաջողության բանաձևը հիմնված է հայ-գերմանական ջերմ և բարեկամական հարաբերությունների վրա»,- ընդգծել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պլանավորում է 2013թ. շարունակել նույն կազմով ուժեր տրամադրել Աֆղանստանում իրականացվող գործողություններին:

Ռայներ Գլացը բարձր է գնահատել հայկական կողմի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողություններին՝ ընդգծելով, որ հայ զինծառայողները «շատ վստահելի, հուսալի և պրոֆեսիոնալ են»:

Ռայներ Գլացին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Մեկնաբանել