Ֆրանսիայի նախկին վարչապետին ձերբակալել են մեքենայության վերաբերյալ գործով

Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը ձերբակալվել է այսօր առավոտյան Փարիզում մեքենայության վերաբերյալ գործով հարցաքննությունից հետո, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը։

Դը Վիլպենին կասկածում են Relais & Châteaux ընկերության՝ անօրինական գործունեությամբ զբաղված աշխատակիցներին օգնելու մեջ։ Անցյալ տարվա նոյեմբերին «կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում մեքենայության» մեղադրանքով Ստրասբուրգի դատարանը ձերբակալել էր Ռեժի Բուլոյին՝ ընկերության նախկին նախագահին ու Դը Վիլպենի մտերիմ ընկերոջը։ Հետաքննության տվյալներով՝ 2002-2008 թթ․ օգտագործելով գաղտնի միջնորդավճարների համակարգ՝ Բուլոն յուրացրել է մոտ €1,6 մլն։

Հետաքննությունը կարծում է, որ վարչապետ եղած տարիներին (2005-2007 թթ․) Դը Վիլպենը հովանավորել է ընկերոջը և օգնել է նրան խուսափել պատժից։

Ֆրանսիայի նախկին վարչապետը հարցաքննության էր կանչվել՝ կապված նրա և Բուլոյի՝ վերջերս հայտնված հեռախոսազրույցների ձայնագրությունների հետ։ Զրույցներից մեկում Դը Վիլպենը հաղորդում է, որ կարողացել է ստիպել Relais & Châteaux-ի նոր ղեկավարությանը (որն իմացել է ընկերության նախագահի մեքենայությունների մասին) չդիմել ոստիկանություն։

«Նրանց վախեցրել եմ տասն անգամ ավելի ուժեղ, քան նրանք կարող էին պատկերացնել»,- պարծեցել է նա Բուլոյին։

Ավելի վաղ Դը Վիլպենը վստահեցնում էր, որ տվյալ գործի հետ որևէ կապ չունի։

Մեկնաբանել