Ամոթ է գոյություն չունեցող երկրի տերմինաբանությամբ օրենք գործածենք. Ալ.Արզումանյան

Նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ»-ի անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ նիստին հետևյալ հայտարարությունն է արել. «Այսօր մենք քննարկեցինք ու քվեարկեցինք «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, նման փոփոխության անհրաժեշտություն իրավամբ կա:

Ասեմ, որ այս օրենսգիրքը ամենաշատ կարկատվածն է և մեր քաղաքացիների հարաբերությունները կարգավորվում է այս օրենսգրքով և անհրաժեշտություն կա հաճախ փոփոխելու: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքն ընդունվել է 1985թ. և մի քանի տասնյակ փոփոխություններ են արվել, բայց ինձ ուղղակի զարմացնում է այն փաստը, որ ընդամենը 10 օրից մենք տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը, այնինչ վերոնշյալ օրենսգիրքը բացարձակապես այլ երկրի մասին է: Ուղղակի մեջբերեմ այս օրենսգրքի առաջին գլխի առաջին հոդվածը, որով մենք այսօր առաջնորդվում ենք.

«Հոդված 1. Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրները

Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական և հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և խորհրդային օրենքները ճշտիվ և անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով»:

Սա զավեշտ է, և առաջին գլուխն ամբողջությամբ բաղկացած է նման հոդվածներից` վեց հոդված և մեզանից որևէ մեկի՝ թե՛ կառավարության, թե՛ պատգամավորներիս մտքով չի անցել, որ ամոթ է գոյություն չունեցող երկրի տերմինաբանությամբ օրենք գործածենք: Սա մեր ամոթն է՝ սա Հայաստանի անկախ Հանրապետությունն է, և կոչ եմ անում հաջորդ անգամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում որևէ փոփոխություն ԱԺ բերելիս այս առաջին գլուխն ամբողջությամբ վերաշարադրել»: