Միջազգային իրավունքն անզոր է

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ Հունգարիայում հայ սպայի սպանության համար ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջան արտահանձնելու և այնտեղ ներում շնորհելու հարցը իրավական հարթությունում լուծում չունի: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա նշում է, որ տուժած մեր քաղաքացիները դիմեն Ստրասբուրգի դատարան՝ ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի:

-Պարոն Անդրեասյան, որպես իրավաբան՝ ի՞նչ գնահատական կտայիք Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված Ադրբեջանի և Հունգարիայի միջև կայացած գործարքին:

-Կոնկրետ երկու պետությունների գործողությունները միասին մարդու իրավունքների կոպիտ խախտում են, այն մարդկանց իրավունքների, ովքեր կացնահարված մեր հայրենակցի իրավահաջորդն են: Նաև մեր մյուս հայրենակցի իրավունքն է խախտվել, որը կարող էր դառնալ զոհ, այսինքն՝ կոնկրետ մարդկանց կոնկրետ իրավունքներ են խախտվել, և իրավունքը խախտվել է ոչ միայն այն պատճառով, որ շոշափվել են այդ մարդկանց շահերը, այլ խախտվել են միջազգային իրավունքի կարևոր սկզբունքներն ու պահանջները:

-Ի՞նչ սկզբունքների ու պահանջների մասին է խոսքը:

-Խոսքն այն մասին է, որ արտահանձնող երկիրը, ըստ Ստրասբուրգի կոնվենցիայի, պետք է վստահ լինի, որ հանցագործություն կատարած անձը արտահանձնումից հետո ևս կկրի իր պատիժը: Միջազգային իրավունքի սկզբունք է. ոչ միայն ձևականորեն պետք է պահպանվի այդ պահանջը, այլև արտահանձնող կողմը պետք է ենթադրեր, որ կարող է տեղի ունենալ այդ սկզբունքի խախտում: Այդ սկզբունքի ձևական պահպանումը չի արդարացնում տվյալ դեպքում Հունգարիային: Տեղի է ունեցել կոնկրետ կոնվենցիայի դրույթի խախտում, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում գտնվող մարդկանց իրավունքների խախտմանը:

-Հունգարական կողմը ինչի՞ց կարող էր ենթադրել, որ Սաֆարովը չէր կարող պատիժը շարունակել կրել Ադրբեջանում, երբ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը վստահեցնում էր, որ Սաֆարովին ներում չի շնորհվելու: Այսինքն՝ պետական մակարդակով կա փաստաթուղթ, կա վստահեցում, և հունգարական կողմը կարող է վկայակոչել այն՝ ասելով, որ փաստաթղթային մասը պահպանվել է:

-Քանի որ մենք Հայաստանում արդարադատության դեֆիցիտ ունենք, և մեզ մոտ դատարանները խղճով չեն դատում, ես պետք է բերեմ ամերիկյան կամ բրիտանական դատարանների օրինակը, երբ դատավորն այս գործն ուսումնասիրելիս առաջնորդվում է մարդկային այն պարզ տրամաբանությամբ, որ առաջնորդվում է յուրաքանչյուրը: Բազմաթիվ հայտարարություններ՝ հերոսացման մասին, բազմաթիվ անգամներ եղել են նշաններ առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է ազատ արձակել հանցագործին, բազմաթիվ անգամներ հայկական կողմից եղել են նախազգուշացումներ: Ճիշտ է՝ հունգարական կողմն այստեղ կարող է ասել, որ կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմերի մասին է խոսքը, և իրենց համար արժանահավատ չեն եղել մեր նախազգուշացումները, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական հասարակությունը չի քննադատել, չի պախարակել տեղի ունեցածը: Եթե հունգարական կողմն իսկապես ցանկանար որոշակի ուսումնասիրություն կատարել, կտեսներ, թե ինչպիսի հերոսացում է սպասում Ադրբեջանում այդ մարդասպանին: Կրկնում եմ՝ եթե բրիտանական դատարանի տրամաբանությամբ նայենք, ապա եթե մի պահ հունգարական կողմը, բացի ձևականությանը հետևելուց, հետևեր ողջամտությանը, ակնհայտ կլիներ, որ Ադրբեջանում Սաֆարովին իրական պատիժ չի սպասում: Նույնիսկ ավելին՝ ես զարմացա, որ ադրբեջանական կողմն այդքան գռեհիկ, այդքան ակնհայտ արեց այդ ամենը: Մենք գիտենք, որ այնպիսի երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, եթե նույնիսկ ֆորմալ փորձեին նրան պահել բանտում, նրա կյանքը կվերածվեր պալատական մի կյանքի…

Փոքր-ինչ մխիթարում է այն փաստը, որ ադրբեջանցիները չփորձեցին Սաֆարովին ձևականորեն բանտում պահել և միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր իրենք օրենքի և մարդասիրության երկիր են, այլ վարվեցին այնպես, ինչպես պատկերացնում են՝ ակնհայտ և գռեհիկ կերպով:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ գռեհկությունը:

-Ինձ համար դա պայմանավորված է Ադրբեջանում ռեժիմի ընդհանուր գռեհկությամբ: Կրկնում եմ՝ եթե հետխորհրդային այլ պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, անկախ իշխող քաղաքական ուժից, փորձում են գոնե որոշակի իմաստով գնալ դեպի ժողովրդավարություն, հաճախ նաև ձևական դրսևորումներով, ապա Ադրբեջանը, աշխարհաքաղաքական և նավթային հովերով ոգևորված, կարծում է, որ կարող է կոպտորեն ոտնահարել մարդու իրավունքները, խախտել ժողովրդավարական սկզբունքներն ու մարսել այդ ամենը: Եվ քանի որ նրանց այդ ամենը ներվում է, նրանք շարունակում են այդպես վարվել: Խորանալ նրանց մոտիվացիաների մեջ իմ խնդիրը չէ, սա ավելի շատ քաղաքական կամ աշխարհաքաղաքական գնահատականների կարիք ունի:

-Կցանկանայի՝ հայատյացության կամ ռասիզմի դրսևորումների մասին խոսենք: Ադրբեջանն ըստ էության բացահայտ ասում է, որ ռասիստական պետություն է, և այդ թույնը ներարկում է հասարակությանը: Միջազգային հանրությունն էլ, կարծես, որևէ կերպ չի արձագանքում այդ դրսևորումներին: Միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ մեխանիզմներ կան Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:

-Գիտեք՝ միջազգային իրավունքն ամենաթույլ և քաղաքականացված իրավունքն է: Իրավաբան լինելով՝ պետք է քաղաքական այսպիսի գնահատական տամ՝ այս խնդիրը լուծելու համար չկա իրավական մեխանիզմ: Կա ֆորմալ իմաստով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորություն: Հենց մեր նշած քաղաքացիների իրավունքների խախտման վերաբերյալ կարելի է դիմել Հունգարիայի կամ Ադրբեջանի դեմ, սակայն դրանք այն լիարժեք մեխանիզմները չեն, որոնցից մենք բավարարում կստանանք: Այս հարցը կարող է լուծվել բացառապես քաղաքական հարթության մեջ, և հիասթափություն է սպասում բոլոր նրանց, ովքեր փորձում են լուրջ ընդունել միջազգային իրավական մեխանիզմները: Պետությունները դժվարությամբ են կարողանում ճնշում գործադրել մեկը մյուսի վրա, նույնիսկ միջազգային լուրջ կառույցները չեն կարողանում կանխել աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող ցեղասպանությունները:

Միջազգային իրավունքն ամենաթույլ իրավունքն է, և պետությունները մեկը մյուսի նկատմամբ չունեն ոստիկանի դեր, որպեսզի կարողանան խնդիրներ լուծել: Այսօր շատ իրավաբաններ գտնում են, որ ՄԱԿ-ը, նրա կառույցները, նույնիսկ Անվտանգության խորհուրդը գնալով դառնում են թույլ օղակներ, և աշխարհաքաղաքական խաղերում քաղաքականությունն է հուշում, այլ ոչ թե իրավունքը:

-Եթե իրավական առումով ոչնչի չի կարելի հասնել, բայց պետք է պահպանել իրավական այդ հատվածը, ի՞նչ քայլերի կարող է դիմել Հայաստանը:

-Չկան իրավական քայլեր, որոնք, իմ կարծիքով, տեսականորեն արդյունավետ են: Չկան միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս բողոքարկել Հունգարիայի և Ադրբեջանի գործողությունները: Եթե լինեին, մեր իշխանությունը դրանք կձեռնարկեր: Միակ ուղին այն է, որ տուժած մեր քաղաքացիները դիմեն Ստրասբուրգի դատարան՝ ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի: Չկա պետության կողմից կատարվող հնարավոր որևէ քայլ, որ կարող է իրավունքի դաշտում այս հարցը լուծել:

-ՀՀ արդարադատության նախարարը խոսում էր երկու տարբերակի մասին. մեկը՝ անձի մակարդակով միջազգային դատարան դիմելու, մյուսը՝ պետության: ՀՀ-ն իրավունք ունի՞ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

-Ոչ, այստեղ սուբյեկտը քաղաքացին է, և նա դիմում է պետության դեմ, կապ չունի՝ որ. այն պետությունների դեմ, որոնք ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Եվ քաղաքացիներն են սուբյեկտ. դա ոչ թե պետությունների, այլ մարդու իրավունքների դատարան է: Եթե որևէ իշխանավորի կողմից կատարված հանցագործություն լիներ ընդդեմ մարդկության, կարելի էր դիմել Հաագայի դատարան: ՄԱԿ-ի մեխանիզմները նույնպես արդյունավետ չեն: Այսինքն՝ չկա դատարան կամ այլ տեղ, որտեղ պետությունները կարող են իրար դեմ բողոքել: Պետությունները քաղաքական գործընթացների շրջանակում համագործակցում են, գործադրում ճնշումներ, անում քաղաքական հայտարարություններ….

Նույնիսկ Մեծ եղեռնի դեպքում հնարավոր չէր դատական ատյան դիմելու միջոցով լուծել խնդիրը: Փոքրիկ փորձեր կատարվում են այս կամ այն իրավական մեխանիզմներ կիրառելու, բայց խնդիրը քաղաքական հարթությունում է, ուստի Եղեռնի խնդրով տարբեր երկրների խորհրդարաններ պարզապես դեկլարատիվ հայտարարություններ են անում: Նույնիսկ այդ դեպքում հետևանքներ չկան: Ես դիմել եմ հարյուր օմբուդսմենի՝ բարոյական քաղաքական աջակցություն ստանալու նպատակով:

-Ի պաշտոնե՝ մարդու իրավունքների պաշտպանն այս դեպքում ի՞նչ կարող է անել:

-Դա նույնպես գրված օրենքներով չի կարգավորվում: Քանի որ ես մի շարք միջազգային կառույցների լիիրավ անդամ եմ և համագործակցում եմ տարբեր երկրների օմբուդսմենների հետ: Մենք առաջին հերթին հայտարարություն տարածեցինք և տեղեկացրինք այս մասին, այսինքն՝ մեր ձայնը միացրեցինք պետական կամ հասարակական սեկտորի այն մարդկանց, ովքեր բարձրաձայնեցին խնդրի մասին: Որոշ արձագանքներ արդեն կան. Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը բավական կոնկրետ հայտարարությամբ հանդես եկավ, Հունգարիայի օմբուդսմենն իրենց արդարադատության նախարարությունից պահանջել է համապատասխան նյութերը, մենք ստացել ենք Սլովակիայի օմբուդսմենի պատասխանը, որը փորձում էր հաշտեցնել երկու երկրներին: Հայաստանի մյուս մարմինների և քաղաքացիների պես փորձում ենք բարձրաձայնել, տարածել և աջակցություն ստանալ գործընկերներից: Չկա իրավունքի պակտ, պայմանագիր, որը թույլ տա որևէ երկրի օմբուդսմենից պահանջել ինչ-որ հայտարարություն անել: Այդ ամենը կախված է գործընկերային հարաբերություններից:

-Ամեն ինչ քաղաքակա՞ն է և քաղաքականացվա՞ծ:

-Այս հարցը շատ քաղաքական է, և իմաստուն ու արդյունավետ չէ խնդրի լուծումը փնտրել իրավական դաշտում:

Զրուցեց Դերենիկ Մալխասյանը