Չկա որևէ մի երկիր, որը կարող է արտահայտել իր աջակցությունը կատարվածին. Է.Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:

«Մեդիամաքս» գործակալություն: Առաջին հարցս պարոն Նալբանդյանին կուզեի ուղղել: Պարոն նախարար, երեկ տեղեկություն հայտնվեց ԶԼՄ-ներում, որ Հունգարիայի արտգործնախարարը նամակ է Ձեզ հղել, որում ցանկություն է հայտնել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և միևնույն ժամանակ սպառնալիք է հնչեցնում, որ հարաբերությունների կասեցումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք, արդյոք ստացել եք այդպիսի նամակ և ո՞րն է Ձեր արձագանքը:

Էդվարդ Նալբանդյան: Հարցը նրանում չէ՝ եղել է այդպիսի նամակ թե ոչ: Հունգարիայի արտգործնախարար պարոն Մարտոնիի նամակը հունգարական կողմը հրապարակել է:

Գիտեք, որ հունգարաադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ և համարժեք արձագանք եղավ միջազգային հանրության կողմից:

Ի՞նչ են ասում այսօր Ադրբեջանից: Այն ինչ մենք լսում ենք այսօր Ադրբեջանից ոչ պակաս շոկ է առաջացնում: Բայց ցավով կարող եմ նշել, որ Հունգարիայից էլ ինչ այսօր մենք լսում ենք, ոչ պակաս շոկ է առաջացնում:

Ի՞նչ է ասում Հունգարիան: Հունգարական կառավարական, պաշտոնական ներկայացուցիչներն ասում են, որ գործարքի ընթացքը թափանցիկ է եղել, իսկ ադրբեջանական ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներն ասում են, որ գաղտնի բանակցություններ են վարվել:

Հունգարական կողմն ասում է, որ տեղյակ չի եղել, որ ադրբեջանական կողմը կազատի Սաֆարովին Բաքու ժամանելուն պես, իսկ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ հունգարական կողմը դրա մասին տեղյակ է եղել:

Հունգարական կողմը ուղարկել է նոտաներ, նամակներ Բուդապեշտում հավատարմագրված դեսպանություններին, որտեղ հայտնում է իր վրդովմունքը Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի կողմից ընդունված որոշման վերաբերյալ:

Բայց նույն նամակը եզրափակվում է նրանով, միգուցե սա՞ է հունգարական կողմի վրդովման դրսևորումը, որ հունգարական կողմը շարունակելու է հանձնառու լինել Ադրբեջանի հետ ստրատեգիական հարաբերությունների զարգացմանը՝ փոխադարձ վստահության հիման վրա:

Հունգարական կողմն ասում է, որ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ որոշումը միանգամայն համահունչ է Ստրասբուրգի կոնվենցիային, Եվրախորհրդի կոնվենցիային: Դուք գիտեք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը հայտարարել է, որ այս գործարքը հենց այդ կոնվենցիայի չարաշահում է:

Սա է իրականությունը: Այն արձագանքները, որոնք լսվում են հունգարական կողմից, փորձեր են արդարացնել կատարվածը: Նրանք պնդում են, որ հունգարական կողմը պատասխանատվություն չի կրում: Հունգարիայի այս գործարքին գնալու պատասխանատվության համար է, որ Հայաստանը որոշեց կասեցնել հարաբերությունները Հունգարիայի հետ:

«Ազատություն ռադիոկայան»: Հարցս ուղղված է պարոն Նալբանդյանին: Պարոն Նալբանդյան, Հայաստանը կասեցրեց հարաբերությունները Հունգարիայի հետ և մասնավորապես եվրակառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից Ֆյուլեն, Էշթոնը նշել են օրերս, որ այդ արտահանձնումը միջազգային կառույցների շրջանակներում է տեղի ունեցել: Հայաստանը ինչպե՞ս է գնահատում եվրակառույցների նման կեցվածքը և այս պայմաններում դարձյալ պետք է վերադառնամ Արևելյան Գործընկերության ծրագրին, ինչպե՞ս եք պատկերացնում հետագա զարգացումը Eastern Partnership ծրագրի:

Էդվարդ Նալբանդյան: Միջազգային հանրության մոտեցումը միաձայն մոտեցում էր և միասնական արձագանք:

Չկա որևէ միջազգային կառույց, որ իր բացասական վերաբերմունքը չհայտներ այս գործարքի վերաբերյալ:

Եվրամիության կողմից ոչ միայն այդ հայտարարությունն է հնչել, որին Դուք հղում եք կատարում, նաև այլ հայտարարություններ են հնչել ներառյալ Եվրոպական Միության անդամ երկրների կողմից:

Այս վերջին օրերի ընթացքում տասնյակ հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների արտգործնախարարներից, ներառյալ նաև Եվրոպական Միության անդամ երկրներից, որոնք իրենց միանշանակ վերաբերմունքն են արտահայտել ադրբեջանահունգարական այս գործարքի կապակցությամբ: Չկա որևէ մի երկիր, որն այսօր կարող է արտահայտել իր աջակցությունը կատարվածին, չկա մի երկիր որ արտահայտի իր աջակցությունը Ադրբեջանին:

Ո՞վ կարող է արտահայտել այս պայմաններում իր աջակցությունն Ադրբեջանին: Միգուցե համար մեկ հոգեբուժական հիվանդանոցի կոլեկտիվը, որը նամակ էր հղել Ադրբեջանի նախագահին և այն մի քանի օր շարունակ տեղադրված էր Ադրբեջանի նախագահական կայքում:

Մեկնաբանել