Լավ է երեխաներին մինչև 12-13 տարեկանը հեռու պահել համակարգչից. փորձագետ

Վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերի արձագանքը մեծ էր, առավել հրատապ է դառնում այս ոլորտում վերահսկողության գործիքներին տիրապետելը: Այս խնդիրը «Արմնյուզ»-ի «Մանրամասներ» ծրագրի շրջանակում մեկնաբանեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Հարցն այն է, որ կան ծրագրեր, որ արգելափակում են պոռնոգրաֆիկ բնույթի կայքերը, սակայն կարող է լինել նման իրավիճակ. երեխան մտնում է «անմեղ կայք» երգ քաշելու, առաջին հայացքից, իհարկե, սովորական-նորմալ բան, սակայն այս կայքում այնքան բաներներ կան, որ նա կարող է ուղղակի մոլորվի. և հարցն այն է, որ երեխան չի մտածում, որ նա վատ բան է անում»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը վստահ է, որ մինչև որոշակի տարիքը պետք է ուղղակի երեխային հեռու պահել համակարգչից, կամ ամբողջովին վերահսկել նրա «փնտրտուքն» ու «շփումները»: «Իմ երեխաները մեծ են, բայց ինքս իմ երեխաներին մինչև 12-13 տարեկանը հեռու եմ պահել համակարգչից: Սա տանը դրվածքի հարց է. ես հիմա էլ ես շատ ծնողների եմ ճանաչում, որ իրենց երեխաների համար գնում են ամենապարզունակ հեռախոսները, համացանցը արգելված է»,- ասաց նա:

Հավաստելով, որ կտրուկ արգելքն ամենահարմար լուծումն է, փորձագետը կարևորեց այդ որոշման ճիշտ ընկալումը երեխայի կողմից: «Այնպես պետք է անել, որ դա ծնողի նկատմամբ հակակրանքի չհանգեցնի,- ասաց նա: Դրա համար ավելի լավ է բացատրել նրան, զրուցել, որոշ բաներ անել միասին. գերադասելի է` շատ քիչ»: «8-9 տարեկան երեխան համացանցում իսկապես անելիք չունի. իր ազատ ժամանակը նա պիտի բակում խաղա»,- նշեց նա:

Երեխաների համար համացանցում տիրույթ ստեղծելը, ըստ նրա, իհարկե, մեկ քայլ է, սակայն խնդիրը միևնույնն է, մնալու է, քանի որ «երեխան ձգտում է լինել այն կայքերում, որտեղ իրեն չի կարելի»:

«Շատ երկրներում մանկապղծությունը շատ լուրջ հանցագործություն է, մենք նոր ենք սկսում այդ ուղղությամբ քայլեր անել: Եթե Արևմուտքում որևէ մեկի համակարգի մեջ հայտնաբերվեն մանկական պոռնոգրոֆիայի տարրեր ունեցող նկարներ, նա շատ լուրջ խնդիրներ կունենա»,- ասաց նա` հիշեցնելով, որ հսկվում են նման կայքերը ոչ միայն թարմացնողները, այսինքն` նրանք, ովքեր տարածում են նկարներ և տեսանյութեր, այլև` նրանք, ովքեր այցելում են այդ կայքերը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետը խոսեց նաև արագ տարածվող մեկ այլ խնդրի մասին. «Շատ բարձր դասարանցիներ տարվում են հաքերական գործով` սկսում են իրար կայքերը կոտրել, հետո` ուրիշների կայքերն են փորձում կոտրել` չգիտակցելով, որ մի օր իրենց դուռը կթակի ոստիկանությունը»,- ասաց նա: Մարտիրոսյանի դիտարկմամբ` դա պայմանավորված է նրանով, որ պատանիներն այդ ամենը որպես խաղ են ընկալում, իսկ համացանցում իրական և խաղային իրականությունների սահմանը ճկուն է: