Հերոսների փոխատեղում

ՀՀ և ԼՂՀ իշխանությունները կանգնել են հսկայական պարտքերի առջև, նոր վարկեր ու դրամաշնորհներ գտնելը երկու իշխանությունների համար դարձել է օրախնդիր հարց, որը սպառնում է սոցիալական ցնցումներով: Նույնիսկ երկու հանրապետություններում ընդերքի աննախադեպ շահագործումը չի կարող լուծել պարտքերի հարցը:

Այլ կերպ լինել չի էլ կարող այն երկրներում, որտեղ արտահանումը տասնամյակներով զիջում է ներկրմանը, տարբերությունն էլ լրացվում է վարկերով կամ արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցների ուղարկած գումարներով:

Ովքեր 90-ականների վերջերին հետևում էին հեռուստատեսություններին, վստահաբար լավ են հիշում բավական շատ լուսաբանվող գործարարներին՝ Հրանտ Վարդանյանին, Մարատ Ջանվելյանին և այլոց: Այս մարդիկ գործարարներ էին, որոնք տնտեսության ինչ-որ ճյուղ էին վերականգնել, հայրենական արտադրանք էին ստեղծում և նույնիսկ արտահանում: Շատ կարճ ժամանակում հայկական շուկան լցվեց հայրենական կաթնամթերքով, մսամթերքով, ծխախոտներով, հրուշակեղենով և այլ արտադրանքով: Արտադրություն հիմնած ու արտահանելու փորձեր կատարող այս գործարարներն էին 90-ականների վերջերի հայկական հեռուստատեսության հերոսները և կարծես թե ընդունվում էին հասարակության կողմից՝ ի տարբերություն նրանց զուգահեռ բավական արագ հարստացող որոշ ներկրող գործարարների:

Սկզբնական շրջանում այս ներկրողներն այնքան էլ չէին երևում կամ գոնե չէին ցանկանում հրապարակային դեմքեր դառնալ: Սակայն բավական արագ պարարտ հող էր ստեղծվում նոր հերոսների առաջացման համար: Դրամն ամեն գնով արժևորված պահելու իրողությունը հանգեցրեց հերոսների փոփոխության: Արտադրող-արտահանող գործարարները աստիճանաբար սկսեցին քիչ երևալ հեռուստաէկրաններին, նրանցից շատերն իրենց բիզնեսը տեղափոխեցին այլ երկրներ, նրանց փոխարինելու եկան ներկրող գործարարների ապրանք կեղծող-հարկերից խուսափող տեսակները, որոնք էլ տարբեր սպանությունների, խուլիգանությունների արդյունքում դարձան հասարակության հակահերոսները, արագ սերտաճեցին իշխանության հետ և ներգրավվեցին իշխանության մեջ՝ ստեղծելով սեփական թիկնազորը, իրենց ենթակա պաշտոնյաների թիմը: Մի խոսքով՝ մաֆիոզ այնպիսի կառույցներ, որոնց զարգացումը Հայաստանի ապագայի լրջագույն մարտահրավերն է:

Ժամանակ առ ժամանակ տարբեր լրատվամիջոցներով հրապարակ է նետվում վարչապետին կամ նախագահին օլիգարխներից պաշտպանելու գաղափարը, իշխանությունների կողմնակից որոշ շրջանակներ համաձայնում են, որ լկտիացած օլիգարխիան լրջագույն վտանգ է, փորձում են ցույց տալ, որ իբր երկրի բարձագույն ղեկավարությունն էլ է պայքարում նրանց դեմ, և հարկավոր է այս հարցում զորավիգ լինել հայաստանյան իշխանություններին:

Իրականում երկրի ղեկավարները ոչ թե պայքարում են կամ ցանկություն ունեն պայքարել լկտիացած, անպատժելիության պայմաններում գործող օլիգարխների դեմ, այլ վերջիններիս դարձրել են իրենց գործիքները՝ ջրի երեսին մնալու համար:

Մեկնաբանել