Պարտքը սպասարկվելու հատկություն ունի

Հայաստանի պետական պարտքը ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին աճել է 4,1%-ով, արտաքին պարտքը՝ 5%-ով։ Արտաքին պարտքի սպասարկման խնդիրը կառավարությանն ու Կենտրոնական բանկին ստիպելու է առաջիկա ամիսներին ներգրավել ևս $170 մլն։
Օգոստոսին ամսական կտրվածքով Հայաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ աճել է $83,9 մլն-ով կամ 2%-ով, այն դեպքում, երբ դրամի 2%-ով արժևորման արդյունքում դրամային արտահայտությամբ այն կրճատվել է ֌1 մլրդ-ով։ Նշենք, որ եթե հուլիսին պետական պարտքի հաշվարկման հիմքում դրվել է $1-ի դիմաց ֌417,62 փոխարժեքը, ապա օգոստոսի հաշվարկներում՝ ֌409,12/$1-ը։

Ըստ ֆինանսների նախարարության «ՀՀ պետական պարտքի տեղեկագիր. օգոստոս» հրապարակման՝ օգոստոսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ $4,3 մլրդ, որից $3,74 մլրդ-ը արտաքին պարտքն է։

Նշենք, որ այս տարվա ութ ամիսներին Հայաստանի պետական պարտքն աճել է 4,1%-ով, արտաքին պարտքը՝ 5%-ով կամ $176,4 մլն-ով։ Կառավարության արտաքին պարտքը հունվար-օգոստոսին աճել է 6%-ով կամ $176,6 մլն-ով։ Կենտրոնական բանկի արտաքին պարտքն այս ընթացքում մնացել է անփոփոխ։

Պարտքի հույսին
Ընթացիկ տարվա ութ ամիսներին արտաքին աղբյուրներից Հայաստանը ներգրավել է $272,6 մլն-ի վարկային միջոցներ կամ տարվա կտրվածքով կառավարության կողմից ծրագրված ցուցանիշի մոտ 54%-ը։ Կառավարությունն այս ընթացքում արտաքին աղբյուրներից ներգրավել է $224,6 մլն կամ ծրագրված ցուցանիշի 68%-ը։ Միջոցներից $94,6 մլն-ն ուղղվել է նախկին պարտքի սպասարկմանը, որից $61,1 մլն-ը՝ մայր գումարների մարմանը։

Այս տարվա ընթացքում արտաքին պետական պարտքի սպասարկմանը նախատեսված է ուղղել ընդհանուր առմամբ $265,3 մլն, որից $193,7 մլն-ը՝ հիմնական գումարի մարմանը, և մոտ $71,6 մլն-ը՝ տոկոսավճարներին։ Ստացվում է, որ արտաքին պետական պարտքի սպասարկման բեռի մոտ 2/3-ը բաժին է ընկնելու առաջիկա ամիսներին։

Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտաքին պարտքի ներգրավումը դառնում է անհրաժեշտություն։ Խնդիրն այն է, որ ութ ամիսներին ներքին և արտաքին պարտքի հաշվին ֆինանսավորվել է պետբյուջեի ծրագրված ֌132,5 մլրդ դեֆիցիտի 66%-ը։ Մնացած մասի ֆինանսավորման համար անհրաժեշտ է լինելու ևս ֌45,5 մլրդ։ Բացի այդ՝ տարվա վերջին չորս ամիսներին արտաքին պարտքի սպասարկմանը պետք է ուղղվի ևս $170 մլն կամ ներգրավվելիք միջոցների մոտ 64%-ը։ Եթե կառավարությունը և Կենտրոնական բանկն այս ընթացքում չկարողանան ներգրավել անհրաժեշտ ծավալի վարկային միջոցներ, Հայաստանը կարող է կանգնել կա՛մ դեֆոլտի առջև, կա՛մ էլ գործադիրը ստիպված է լինելու որոշակիորեն կրճատել ծախսերն ու նվազեցնել դեֆիցիտը։

Ըստ էության իրեն զգացնել է տալիս կառավարության 2009թ. «պարտքային» քաղաքականությունը (պետական պարտքի ծավալի կրկնապատկումը)՝ երկիրը շարունակաբար կախյալ պահելով նոր վարկային միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունից։
Նշենք, որ պարտքային ռիսկերը կշարունակեն օրակարգային խնդիր մնալ նաև առաջիկա երկու տարիներին։ 2013 և 2014 թթ. միայն կառավարության արտաքին պետական պարտքի սպասարկմանն անհրաժեշտ է լինելու ուղղել համապատասխանաբար $230 մլն և $200 մլն։