Վարկերը հրաժարվում են աշխատել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգի վարկային պորտֆելի 18,7%-ի աճի պայմաններում 0,9-տոկոսային կետով ավելացել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը՝ հուլիսի վերջին կազմելով 4,3%։ Ցուցանիշն ամենաբարձրն է եղել գյուղատնտեսության (5,9%), առևտրի (5,8%), հանրային սննդի և սպասարկման (5,5%) ոլորտներում:

Համաձայն Կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն (2012թ. առաջին կիսամյակ)» հրապարակման՝ ԿԲ հարցմանը մասնակցած առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները առաջին կիսամյակում պարզեցրել են փոքր և միջին բիզնեսի վարկավորման պայմաններն ու ընթացակարգերը և խստացրել դրանք խոշոր բիզնեսի համար։ Վարկավորման պայմանների փոփոխությունը պայմանավորված է եղել հիմնականում ներգրավվող ռեսուրսների թանկացմամբ ու արտարժութային ռիսկերի առկայությամբ։ Բանկերի համար վարկավորման առավել բարենպաստ ճյուղերի թվում են եղել առևտրի, էլեկտրաէներգիայի և արտադրության ոլորտները։ Շինարարության և գյուղատնտեսության ոլորտները եկամտաբերության տեսանկյունից «ոչ շատ գրավիչ» են համարվել։

Նշենք, որ կիսամյակի վերջին բանկային համակարգում «չաշխատող» վարկերի կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 4,3%։ Գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում ցուցանիշը եղել է համապատասխանաբար 5,9% և 5,8%։

Գյուղատնտեսության ոլորտում «չաշխատող» վարկերի բարձր տեսակարար կշիռը պայմանավորված է հենց բանկերի կողմից որդեգրված վարկային քաղաքականությամբ։ Այս տարվա վեց ամիսներին բանկերը գյուղացիական տնտեսություններին տրամադրել են ֌6  մլրդ-ի դրամային և ֌14  մլրդ-ի արտարժութային վարկեր։ Արդյունքում գյուղատնտեսության վարկային պորտֆելում հունիսի վերջի դրությամբ արտարժութային վարկերի տեսակարար կշիռը կազմել է 69,15% (տարեսկզբի համեմատ աճելով 0,15-տոկոսային կետով)։

Նշենք նաև, որ ներքին արժութային շուկայում 2012թ. առաջին կիսամյակում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 7,71%-ով։ Եթե հաշվի ենք առնում, որ գյուղացիական տնտեսությունների եկամուտները հիմնականում դրամային են, և այլ ոլորտների համեմատությամբ դոլարային վարկերի տոկոսադրույքներն այստեղ բարձր են, փոխարժեքը չէր կարող չազդել վարկային պորտֆելի որակի վրա։

Փոխարժեքը վերածել շահույթի
Դրամի արժեզրկումը բանկային համակարգի վրա բացասաբար է ազդել ոչ միայն վարկային պորտֆելի որակի տեսքով։

2012թ. առաջին կիսամյակում այլ արժույթների նկատմամբ դրամի փոխարժեքի տատանումների հետևանքով բանկային համակարգը արտարժույթի վերագնահատման արդյունքում ունեցել է ֌1,9  մլրդ-ի վնաս։ Ընդ որում՝ վերագնահատման արդյունքում վնաս է կրել 11 բանկ:

Մյուս կողմից՝ բանկային համակարգը արտարժույթի առուվաճառքի գործառնություններից ունեցել է ֌5,9  մլրդ-ի զուտ եկամուտ: Ստացվում է, որ դրամի արժեզրկումից բանկերի օգուտներն ավելի մեծ են եղել, քան վնասը։ Ուշագրավ է, որ փոխարժեքային ռիսկերը վարկառուի հետ որոշակիորեն կիսելու հնարավորություն ունենալով հանդերձ՝ բանկերը շարունակել են այն տեղափոխել վարկառուների ուսերին։

Նշենք, որ արտարժութային վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում և արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում տարեսկզբի համեմատ աճել է համապատասխանաբար 2,8 և 1,2-տոկոսային կետով՝ կիսամյակի վերջին կազմելով 65,6% և 69,9%:

Բացի այդ՝ արտարժույթով լայնածավալ վարկավորման հաշվին բանկերը որոշակիորեն փակել են բաց դիրքերը։ Այսպես՝ հունիսի վերջին բանկային համակարգի արտարժութային զուտ դիրքը եղել է բացասական ֌531,2  մլն-ով կամ ընդհանուր նորմատիվային կապիտալի 0,2%-ի չափով։ Համեմատության համար նշենք, որ անցած տարվա վերջին դիրքը բացասական է եղել ֌3,1  մլրդ-ով կամ ընդհանուր նորմատիվային կապիտալի 0,9%-ի չափով։

Մեկնաբանել