Որոշեցի շեփորն ընտրել՝ չէ որ այն կանգնած են նվագում

Չնայած երիտասարդ տարիքին՝ Սերգեյ Նակարյակովը մեր ժամանակների լավագույն շեփորահարներից է։ Մամուլը նրան «շեփորի Կարուզո» է անվանում՝ գործիքի յուրահատուկ խոր հնչողության, և «շեփորի Պագանինի»՝ վիրտուոզ կատարման համար: Սեպտեմբերի 10-ին Սերգեյը հանդես եկավ Երևանում՝ Երևանյան միջազգային երաժշտական 6-րդ փառատոնի բացման համերգում կատարելով Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը»: Համերգից հետո «Օրակարգը» զրուցել է շեփորահարի հետ։

-Հարությունյանի «Շեփորի կոնցերտը» առաջին մեծ ստեղծագործությունն է եղել, որը Դուք նվագախմբի հետ կատարել եք տասը տարեկանում: Ի՞նչ տեղ է այն զբաղեցնում Ձեր երկացանկում, և արդյոք մաեստրոն լսե՞լ է Ձեր կատարումը։

-Այո, կոնցերտի կատարումն իմ առաջին մեծ բեմելն էր։ Վարպետի հետ երկու հանդիպում եմ ունեցել՝ հինգ տարի առաջ և երկու տարի առաջ՝ նրա հոբելյանի կապակցությամբ։ Ցավոք, այս տարի նա արդեն մեզ հետ չէ: Հիշարժան հանդիպումներ էին ինձ համար, չափազանց թանկ պահեր։

Ինչ վերաբերում է կոնցերտին, այն շեփորի համար երբևիցե գրված ամենահայտնի ստեղծագործություններից է, և ես, բացի նրանից, որ շատ հաճախ եմ կատարում, նաև ձայնագրել եմ այն։

-Տարիների ընթացքում որևէ բան փոխվե՞լ է ստեղծագործության ընկալման, ներկայացման մեջ։

-Ես անընդհատ նոր ինտոնացիաներ ու երանգներ եմ որոնում: Այս ընթացքում ես էլ եմ փոխվել ու հուսով եմ, որ երաժշտության մեջ դա ևս արտացոլվում է։

-Շեփորը սիրված է հատկապես ջազում։ Դուք ջազ կատարո՞ւմ եք։

-Ոչ, գերադասում եմ լսել։ Մինչև հիմա միայն դասական երաժշտության մեջ եմ ինձ լավ զգացել։ Չնայած հիմա որոշ նոր նախագծերով եմ զբաղվում, որոնք իմ ընկեր Արկադի Շիլկլոպերի հետ պիտի իրագործեմ: Նա հայտնի ջազային գալարափողահար է և նոր մշակումների վրա է աշխատում, որպեսզի կարողանանք միասին կատարել դրանք:

-Ձեր երկացանկը հիմնականում փոխադրություններից է կազմված: Պատճառը շեփորի ռեպերտուարի սակավությո՞ւնն է, թե՞ Ձեր երաժշտական նախասիրությունները։

-Շեփորի ռեպերտուարը իրոք մեծ չէ: Կան ստեղծագործություններ՝ գրված այլ գործիքների համար, որոնք ինձ դուր են գալիս, և եթե որոշ դեպքերում դրանք հնարավոր է կատարել շեփորով, ապա ինչո՞ւ ոչ: Ես շատ եմ սիրում նաև ֆլյուգելհորն նվագել, որի համար՝ իբրև մենակատար գործիք, առհասարակ ոչինչ չկա։

-Ո՞վ է ամենից շատ ազդել Ձեզ վրա։

-Ամբողջ կյանքում և մինչ օրս մեծապես ազդվել և ոգեշնչվել եմ Տիմոֆեյ Դոկշիցերի երաժշտությունից: Ի դեպ՝ իմ վերջին սկավառակը հենց նրան է նվիրված:

-Դուք շատ վաղ հասակից եք ճանաչում վայելում, Ձեզ հրաշամանուկ էին համարում։ Ձեզ դժվար է հիմա մանուկ անվանել, ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել սահմանագիծը։

-Պարզապես ես երբեք ինձ հրաշամանուկ չեմ համարել, այդ պատճառով էլ ստիպված չեմ եղել որևէ սահմանագիծ հաղթահարել: Ես ինը տարեկան էի, երբ սկսեցի շեփոր նվագել, ոչ թե երեք կամ չորս: Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, պարզապես հայրս ինձ ճիշտ է ուղղորդել։

-Ի դեպ՝ Ձեր հոր մասին. հենց նա է առաջարկել Ձեզ շեփոր նվագել, քանի որ ժամանակին երազել է այդ մասին, սակայն չի իրագործել։ Ինչպիսի՞ն էր Ձեր վերաբերմունքը պարապմունքներին։

-Շեփոր նվագելն ինձ համար մեծ ուրախություն էր, քանի որ ստիպված չէի այլևս դաշնամուր նվագել: Ինձ բոլորովին դուր չէր գալիս դաշնամուրը, իսկ շեփորը նոր բան էր։ Ես կարծում էի, որ շեփորն իսկական տղամարդու գործիք է, ու այդ պատճառով հենց սկզբից էլ հետաքրքրված էի շեփորով։

-Որքան գիտեմ, դաշնամուրից շեփորին անցնելու հետ կապված հատուկ պատմություն կա։

-Ես վեց տարեկան էի, երբ սկսեցի դաշնամուր նվագել սովորել: Ես ու քույրս միասին էինք երաժշտական դպրոց հաճախում: Ասում են՝ վատ չէի նվագում, բայց բացարձակ սեր չունեի այդ գործիքի նկատմամբ:

Ինը տարեկանում ես ողնաշարի լուրջ վնասվածք ստացա և երեք ամիս անցկացրի հիվանդանոցում: Դրանից հետո բժիշկներն արգելեցին ինձ նստել ևս վեց ամիս՝ ի ուրախություն ինձ։ Իսկ դա նշանակում էր, որ կարելի է մոռանալ դաշնամուրի մասին: Այդպես որոշեցի շեփորն ընտրել՝ չէ որ այն կանգնած են նվագում (ժպտում է – Մ.Հ.):

-Շեփոր ֆիզիկապես էլ է դժվար նվագել, օրական քանի՞ ժամ եք պարապում։

-Միջինը մեկից երկու ժամ, ոչ ավելի: Սակայն գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ պարապմունքի որակը:

-Դուք հայտի եք նաև իբրև վիրտուոզ։ Ջութակի կամ դաշնամուրի մենակատարների մեծ մասը որոշակի տարիքից հետո ստիպված է մոռանալ վիրտուոզ կատարման մասին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու ապագայում, ինչպես է փոխվելու Ձեր երաժշտությունը։

-Ես չգիտեմ նույնիսկ՝ ինչ է լինելու վաղը: Ձեր ասածն արդարացի է, հատուկենտ են կատարողները, որոնք պահպանում են մատների արագությունը նույնիսկ տարեց հասակում: Ես դեռ հեռու եմ այդ տարիքից: Ինձ շատ է դուր գալիս իմ զբաղմունքը, կաշխատեմ դրանով որքան հնարավոր է երկար ապրել։

Զրուցեց Մարիա Հովսեփյանը

Մեկնաբանել