Այլընտրանքի բացակայություն

Լևոն Տեր-Պետրոսյանն ուսումնասիրում է փետրվարի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունները, «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվի, և նրան սատարեն հիմնական քաղաքական ուժերը, դա «հաղթող սցենար» կլինի: «Այսօր պետք է մտածել, թե ինչպես համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել նրան, որ ընտրություններով ընդհանրապես Հայաստանում իշխանություն փոխվի: Այսօր այդ ճանապարհը փակ է»,– ասել է նա:

Ինչ խոսք, 2008թ. նախագահական ընտրություններում նույնպես ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու ճանապարհը փակ էր, ու թեև Տեր-Պետրոսյանը՝ որպես քաղաքական ֆիգուր, շատ ավելի զորեղ էր և միայնակ ուներ անհրաժեշտ կրիտիկական զանգվածը, որի միջոցով կարող էր փոխել պատմության անիվի ընթացքը, չգնաց դրան: Անցած հինգ տարիների ընթացքում առաջին նախագահի և նրա քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ի կշիռը էապես նվազել է, և ներկայում, առանց քաղաքական այլ ուժերի աջակցության, Տեր-Պետրոսյանի հաղթելու շանսերը շատ քիչ են: Իհարկե, այլ հարց է, թե արդյոք այս անգամ այդ միավորումը հենց Տեր-Պետրոսյանի շուրջ պետք է տեղի ունենա, թե մեկ այլ թեկնածուի (եթե ընդհանրապես ուժերի միավորում լինի):

Սակայն անկախ առաջիկա ամիսներին քաղաքական հնարավոր կոնֆիգուրացիաներից ու այլ գործոններից՝ ՀԱԿ-ի համար մեծ ռիսկ է այս կամ այն ձևաչափով նախագահական ընտրություններին չմասնակցելը: Դա կնշանակի առանց այն էլ նոսրացած էլեկտորատի նոսրացում և քաղաքական այդ ուժից նոր տարրերի անջատում: Փետրվարյան ընտրություններին թեկուզ չհաղթելու, բայց քվեների նշանակալից տոկոս ստանալու միջոցով Տեր-Պետրոսյանի նվազագույն նպատակը պետք է լինի ՀԱԿ-ը քաղաքական միավորումից քաղաքական կուսակցություն դարձնելը՝ հստակ գաղափարախոսությամբ և կուսակցական ինստիտուտներով:

Կոնգրեսը փետրվարյան ընտրություններին չմասնակցելու այլընտրանք թերևս չունի: ՀԱԿ-ի էլեկտորատը չի կարող հասկանալ և չի կարող ընդունել մի քաղաքական ուժի, որն այլևս իրեն հույս չի ներշնչում իշխանափոխության և ընդհանրապես փոփոխության:

Լևոն Զուրաբյանը, Հայաստանի ներկայիս իշխանությունը համարելով բռնապետական, մի ժամանակ հայտարարում էր, որ բռնապետություններն ի վերջո տապալվում են: Նա բերում էր Չիլիի բռնապետ Պինոչետի օրինակը… Պինոչետի բռնապետությունը Չիլիում տևել է ավելի քան քառորդ դար: Պատրա՞ստ է արդյոք ՀԱԿ-ը Զուրաբյանի ասած բռնապետությունը հանդուրժել քառորդ դար, թե՞ այնուամենայնիվ փակուղային իրավիճակից դուրս գալու սցենարներ ու այլընտրանքներ է ներկայացնելու: Այս հարցի պատասխանից է կախված՝ ՀԱԿ-ը 2013թ. նախագահական ընտրություններից ավելի ուժեղացած դուրս կգա, թե կշարունակի քայքայվել:

Մեկնաբանել