Լիցքավորվել iPhone 5-ով

Apple ընկերության նոր սերնդի iPhone-ի վաճառքները կարող են 0,25-0,5%-ով խթանել ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը։ Աշխարհի խոշորագույն տնտեսության զարգացման տեմպերի վերաբերյալ նման կանխատեսում է արել J.P.Morgan-ի առաջատար տնտեսագետ Մայքլ Ֆերոլին:

«Այսպես կոչված մանրածախ վաճառքների վերահսկողության մեթոդի միջոցով արված իմ հաշվարկները հուշում են, որ նոր սերնդի iPhone-ի վաճառքները տարվա հաշվարկով կարող են $12,8 մլրդ-ով խթանել տնտեսությունը, ինչն իր հերթին կփոխհատուցի 2012թ. չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կրճատման ռիսկերը՝ ներկայիս 2% աճի կանխատեսման պայմաններում»,– հայտարարել է Ֆերոլին։ Փորձագետի հաշվարկները հիմնված են ենթադրության վրա, որ չորրորդ եռամսյակում Apple-ը կվաճառի առնվազն 8 մլն iPhone՝ $600 միջին գնով: Ֆերոլիի համոզմամբ՝ վաճառքների «ակնկալվող արդյունքը զգալի է լինելու»:

Հարկ է նշել, որ 2011թ. վերջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսությունը գրանցել է 4,1% աճ, որից հետո զարգացման տեմպն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում դանդաղել է մինչև 2%, երկրորդում՝ մինչև 1,7%: Նշենք, որ անցյալ շաբաթ Macroeconomic Advisors ինստիտուտի վերլուծաբանները ԱՄՆ-ի տնտեսական աճի իրենց կանխատեսումները երրորդ եռամսյակի համար վերանայել են մինչև 1,5% տարեկան և չորրորդ եռամսյակի համար՝ մինչև 1,4%։

Ակնկալվում է, որ iPhone նոր սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Սան Ֆրանցիսկոյում: Այն վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 21-ից:

Մեկնաբանել