Օղիողորմ վիճակ

Հայկական գինիների որակը թեև բարձրացել է, սպառողներն ավելացրել են օղու օգտագործումը։ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասում է, որ հայկական գինիների որակի բարձրացումը սպառողին չի հետաքրքրում։

Այս տարի ունենք խաղողի աննախադեպ բարձր որակի բերք, քանի որ ո՛չ կարկուտ գրանցվեց, ո՛չ էլ այլ հիվանդություններ: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը (Panorama.am): Նրա խոսքով՝ խաղողի մթերման շուկան գտնվում է կարգավորման գործընթացում, և ոչ մի կգ խաղող չի մնա դաշտում:

Հարությունյանը նշել է, որ այս տարի կմթերվի 10-15%-ով ավելի խաղող, քան անցած տարի: Այդուհանդերձ, ըստ նրա, պաշտոնական թվերն այլ կլինեն, և մոտ 5 հազ. տոննայով ավելի բերք կներկայացվի: Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, ապա ըստ ՀԳՄ նախագահի՝ այն 1 կգ-ի հաշվով կլինի ֌130-140-ի սահմաններում։ «Լավ է, որ նախագահը մտահոգված է գյուղացիների խնդիրներով, բայց այստեղ կա բիզնեսին միջամտելու տենդենց, ինչն արդարացի կլիներ, եթե պետությունը կարողանար ազդել առևտրի վերջին օղակների վրա, որպեսզի նրանք ողջամիտ ժամկետում վերադարձնեն գումարը: Մեծ խանութները մեկի գումարը շուտ են տալիս, մյուսինը՝ ուշ: Զարգացած երկրներում կա ողջամիտ ժամկետ, որի շրջանակներում պետք է վերադարձնեն գումարը»,– նշել է Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ գինիների արտահանման առումով արտաքին շուկան վերջին 3-4 տարում փոխվել է, այժմ առկա են որակի լավացման ակնառու միտումներ: «Հայկական գինիների որակը գնալով լավանում է, բայց դա սպառողի պետքն էլ չէ»,– իր մտահոգությունն է հայտնել նա՝ հավելելով, որ թեև գինու որակը բարձրանում է, Հայաստանում վերջին տարիներին ավելանում են ոչ թե գինու, այլ օղու սպառման ծավալները։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,2 անգամ ավելի շատ օղի է օգտագործվել, 40%-ով պակաս գինի, իսկ կոնյակի սպառումը մնացել է նույն մակարդակում։ «Օղու սպառման նման աճ երբեք չենք ունեցել, դա մի կողմից վկայում է, որ օղու որակը բարձրացել է, մյուս կողմից՝ կյանքի մակարդակն ընկել է՝ մարդիկ ձգտում են դեպի էժան խմիչքներ»,– կարծիք է հայտնել Հարությունյանը։

Ըստ Գինեգործների միության նախագահի՝ 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտադրել է 5,3 մլն լիտր կոնյակ՝ 54%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Կոնյակի արտադրության մակարդակը 20%-ով գերազանցում է նախաճգնաժամային 2008թ. ցուցանիշը։