Facebook-ի հիմնադիրը խոսել է սոցցանցի սխալների ու ապագայի մասին

Աշխարհի խոշորագույն սոցցանցի՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընկերության IPO-ից ու արժեթղթերի գների կտրուկ անկումից հետո առաջին հարցազրույցն է տվել։ Ցուկերբերգն ընդունել, որ սոցցանցի զարգացման ռազմավարությունում ինչ-ինչ սխալներ են եղել, ընկերության բաժնետոմսերի արժեզրկումը «հիասթափեցուցիչ» է անվանել ու խոստացել, որ շուտով բջջային սարքավորումների սեգմենտը ընկերությանն ավելի շատ գովազդային եկամուտներ կապահովի, քան անհատական համակարգիչներինը։

Ցուկերբերգն ամերիկյան TechCrunch կայքի խմբագիր Մայքլ Արինգտոնի հետ զրույցում նշել է, որ ընկերության ապագան բջջային սեգմենտն է։ «Հաջորդող 3-5 տարիներին ընկերության արդյունքները գնահատվելու են ըստ բջջային սարքավորումների շուկայում արձանագրված հաջողությունների։ Դեռ կես տարի առաջ մենք սմարթֆոնների համար մեր հավելվածներում ոչ մի գովազդ չունեինք։ Այժմ այն հայտվել է ու շատ ավելի ինտեգրված է լինելու»,- ասել է սոցցանցի հիմնադիրը։

Ցուկերբերգը հերքել է Facebook-ի կողմից սեփական բջջային հեռախոսի թողարկման մասին տեղեկությունները։ «Մեր կողմից դա սխալ քայլ կլիներ։ Եթե անգամ 10 մլն սարքավորում վաճառեինք, մինևնույն է, այն ոչ մի բան չէր փոխելու»,- նշել է Ցուկերբերգը՝ հավելելով, թե սոցցանցի կայքի մշակման սկզբում խաղադրույքը HTML5 ստանդարտի վրա սխալ որոշում է եղել։ Այդ հարթակի հիման վրա մշակված հավելվածները էական հաջողություններ չեն ապահովել, և ընկերությունը, ըստ Ցուկերբերգի, ամբողջ երկու տարի է կորցրել։

Մեկնաբանելով ընկերության բաժնետոմսերի արժեզրկումը՝ Ցուկերբերգը այն «հիասթափեցուցիչ» է անվանել, հետո կատակել՝ «այն ամենը, ինչ անում եմ, հենց սկզբից կոտրվում է, բայց ես կարողանում եմ շատ արագ խելքի բերել»։

Հիշեցնենք՝ Facebook-ի բաժնետոմսերը Nasdaq բորսայում տեղաբաշխվեցին 2012թ. մայիսի 18-ին՝ $38 մեկ բաժնետոմսի դիմաց նախնական գնով։ Օգոստոսի 17-ին սոցցանցի բաժնետոմսերը կրկնակի էժան էին, սեպտեմբերի 4-ին արձանագրվել է մինչև այժմ նվազագույն գինը՝ $17,55 մեկ բաժնետոմսի դիմաց։