BBC-ի «Պանորաման» մեղադրվել է իրականությունն աղավաղելու մեջ

Բրիտանական Բլեքբերն քաղաքի Շեդսվորթ շրջանի բնակիչները BBC հեռուստաալիքի լրագրողներին մեղադրել են նրանում, որ վերջիններս իրենց ֆիլմում աղավաղել են իրականությունը և շրջանի վիճակը ներկայացրել շատ ավելի անմխիթար, քան իրականում կա, գրել է բրիտանական The Daily Telegraph-ը:

«Պանորամայի» սյուժեում, որն ուներ «Խնդրահարույց շրջան» խորագիրը, Շեդսվորթը ներկայանում է որպես ցածր կենսամակարդակով մի վայր, որտեղ ազատ շրջում են թմրամոլները, հանցագործներն ու հարբեցողները, մինչդեռ շրջանի դրական կողմերի մասին որևէ հիշատակություն ֆիլմում չկա:

Շեդսվորթն իսկապես հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ամենաաղքատ շրջաններից մեկը, սակայն կան նաև մյուսները՝ Միլի Հիլն ու Ուենսլիֆոլդը, և Շեդսվորթի բնակիչների կարծիքով՝ «Խնդրահարույց շրջան» ֆիլմի հեղինակներն այս դեպքում պարզապես «քավության նոխազ» են գտել:

Սյուժեի հերոսուհիներից մեկը հայտարարել է, որ լրագրողները սյուժեի մասնակիցներին հավաստիացրել են, որ իրենց կյանքի արդար պատկերը կներկայացնեն և դրանով կարողացել են բազմաթիվ մարդկանց ներգրավել:

Հատկանշական է, որ ավելի վաղ «Պանորաման» արդեն մեղադրվել է ոչ օբյեկտիվ սյուժեներ նկարահանելու մեջ: Այսպես՝ Եվրո-2012-ի նախօրեին ծրագիրը ցուցադրել էր «Ատելության մարզադաշտեր» սյուժեն, որը պատմում էր ռասիզմի մասին Լեհաստանում և Ուկրաինայում: Ֆիլմում նկարահանված անգլիական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սոլ Քեմփբելը դիմել էր անգլիացի սևամորթ երկրպագուներին՝ խորհուրդ տալով չմեկնել Ուկրաինա, քանի որ «նրանք կարող են հայրենիք վերադառնալ դագաղում»: Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Խանդոգին քննադատել էր ծրագիրը, որը, նրա կարծիքով, ռասիզմի դրսևորման առանձին դեպքերը ներկայացրել էր որպես գլոբալ խնդիր:

Նշենք, որ «Պանորաման» BBC-ով հեռարձակվում է 1953-ից և համարվում է  աշխարհի ամենահին հասարակական-քաղաքական հեռուստածրագիրը: