«Կարինը» նշում է ստեղծման 11-ամյակը

Սեպտեմբերի 18-ին «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը կնշի ստեղծման  11 –ամյակը՝ հանդես կգա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեծ դահլիճում: «Կարնո բանակ» խորագրով համերգի ծրագրում ընդգրկված են պարեր Մեծ Հայքի տարբեր շրջաններից: Միջոցառման հյուրերն են Սահակ Սահակյանը, Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Սամվել Երանյանը և ազգային հայրենասիրական երգի այլ նվիրյալներ: Համերգը նաև նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակին:   

«Կարինի» համերգացանկի գերակշռող մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների շնորհիվ ոչնչացումից փրկված, վերականգնված և հայ ավանդական ոճին հարազատ բեմադրված երգերն ու պարերը, որոնց մեծ մասը երբևէ չի ներկայացվել որևէ այլ խմբի կողմից: Համույթն իր ստեղծագործական աշխատանքին զուգահեռ շարունակում է բանահավաքչական գործունեությունը՝ Արցախից մինչև Արաբկիր, Տիգրանակերտ և Համշենից մինչև Տարոն:

«Կարինը» ստեղծվել է 2001թվականին: 2002-ին այն դարձել է Ճարտարագիտական համալսարանի կազմակերպած Ազգագրական խմբերի հանրապետական և Հայաստանի պարարվեստի միության կազմակերպած «Պարատուն» հանրապետական փառատոնների դափնեկիր:
2005-ին նկարահանվել է «Ուխտագնացություն երգով» երաժշտական ֆիլմը՝ «Կարինի» երգերի և պարերի ներկայացմամբ և «Սասնա ծռեր» տեսապատումը: 2005թ․ դեկտեմբերից «Նարեկացի արվեստի միության» և «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի աջակցությամբ անսամբլն իրականացնում է «Մենք և մեր պարերը» ծրագիրը՝ հասարակությանը ուսուցանելով հայ ավանդական պարարվեստի այբուբենը: