Սեպտեմբերի 11-ի մասին ֆիլմը վրդովել է մուսուլմաններին Լիբիայում ու Եգիպտոսում

2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի օրը մուսուլման ակտիվիստները հարձակումներ են իրականացրել Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության և Կահիրեում ԱՄՆ դեսպանատան վրա։ Իսլամի հետևորդներին վրդովել է սեպտեմբերի 11-ի հերթական տարելիցին նվիրված ֆիլմը․ ըստ իսլամիստների՝ այն վիրավորում է իրենց կրոնը և Մուհամադ մարգարեին։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, Լիբիայում իսլամիստների վրդովմունքի զոհ է դարձել ամերիկյան հյուպատոսության աշխատակիցը․ ևս մեկը վիրավոր է։ Տուժել են նաև լիբիացի ուժայինները։ Ցուցարարներին հաջողվել է հրդեհել հյուպատոսության շենքը։

«Ալ Արաբիյա» հեռուստաալիքը հաղորդում է, որ զոհված ամերիկացի դիվանագետը եղել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:

Reuters-ն իր հերթին հավելում է, որ բացի դեսպանից՝ Բենղազիում սպանվել են ԱՄՆ դիվանագիտական առաքելության ևս երեք աշխատակից։

BBC-ի հաղորդմամբ՝ Լիբիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության վրա իրականացված հարձակմանը մասնակցել են Բենղազիի աշխարհազորայինները․ խոսքը զինված խմբավորման մասին է, որը ԱՄՆ-ի օգնությամբ կարևոր դեր է խաղացել Մուամար Կադաֆիի տապալման գործում։

Նույն օրը վրդովված մուսուլմանները, հիմնականում՝ ծայրահեղական սալաֆիականներ և եգիպտական ֆուտբոլային ակումբների՝ ագրեսիվ տրամադրված երկրպագուներ, բողոքի ակցիա են իրականացրել Կահիրեում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ։ Ցույցի ընթացքում քսան մասնակից անցել է լավ պաշտպանված դեսպանատան պարսպի վրայով և ԱՄՆ-ի դրոշը փոխարինել է իսլամիստական սև դրոշով՝ «Չկա Աստված, բացի Ալլահից, և Մուհամադը նրա մարգարեն է» գրությամբ։

ԱՄՆ-ի Պետդեպը խիստ քննադատել է տեղի ունեցածը։ Լիբիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։

Կահիրեում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հերքել է լուրերն այն մասին, թե անկարգությունների ընթացքում դիվանագիտական առաքելության թիկնազորը ստիպված է եղել կրակ բացել ամբոխի ուղղությամբ։

Պետդեպը տեղեկացրել է, որ Եգիպտոսի անվտանգության ուժերի հետ համատեղ փորձում է կարգուկանոն վերականգնել դեսպանատանը և վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Եգիպտոսում զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։

Անկարգությունների պատճառ դարձած ֆիլմի մասին տեղեկությունները հակասական են։ Ըստ որոշ աղբյուրների՝ այն նկարահանել են ԱՄՆ գաղթած եգիպտացի քրիստոնյա ղպտիները։ Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ ֆիլմի պրոդյուսերը ամերիկացի քահանա Թերի Ջոնսն է, որը նախկինում մուսուլմանների սուրբ գրքի՝ Ղուրանի այրման ակցիա է իրականացրել։

Մեկնաբանել