Հալեպում վիրավորների թիվը 13-14 է. Ժիրայր Ռեյիսյան

Սեպտեմբերի 11-ին Հալեպի օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին, նախնական տվյալների համաձայն, զոհվել էր 4, վիրավորվել՝ 10 հայ: ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ հիմնական ճանապարհի՝ փակ լինելու պատճառով ուղևորները գնացել էին ուրիշ ճանապարհով և հայտնվել կրակահերթի տակ: Դեպքի կապակցությամբ ՍիվիլՆեթը զրուցել է Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանի հետ:

՞նչ նոր մանրամասներ կհայտնեք դեպքի կապակցությամբ:

-Զոհերը 4 են, մոտ 13-14-ը վիրավոր են. կան համեմատաբար ծանր և թեթև վիրավորներ: Երկու հոգի դեռ երեկ դեղորայքային բուժում են ստացել և տուն ուղարկվել: Բոլորն արդեն տարբեր հիվանդանոցներում են, մի քանիսը վիրահատվել են: Այսինքն՝ տարբեր մակարդակի վնասվածքներ են ստացել:

-Ինչպե՞ս են գնահատում բժիշկները վիրավորների վիճակը:

-Բժիշկները նշում են, որ այդքան լուրջ մտահոգության առիթ չկա: Լուրջ վնասվածքներ կան, բայց մտահոգիչ չեն:

-Իսկ հայկական թաղամասերում ի՞նչ իրավիճակ է տիրում:

-Հայկական թաղամասերը դեռ շատ լարված վիճակի մեջ են հիմա: Կան կրակոցներ, սակայն  առաջվա այն ծանր կրակոցները չեն: Սպասողական և լարված վիճակ է:

-Լուրեր էին շրջանառվում, որ Հալեպի Նոր Գյուղ թաղամասում դիպուկահարներ կան: Ի վերջո ին՞չ պարզվեց. կայի՞ն, թե՞ ոչ:

-Այո, ես ինչ որ Ձեզ հիմա ասացի, դա հենց Նոր Գյուղի մասին էր, և ճիշտ է, որ դիպուկահարներ կան: Եվ այդ դիպակուհարների պատճառով մի քանի զոհ եղան, բայց ոչ հայ:

Իսկ ճի՞շտ է, որ Առաջնորդարանի մոտ ռումբ էր տեղադրված:

-Այո, Առաջնորդարանի մոտ ռումբ կար, բայց միայն այստեղ չէր, կար նաև Ազիզիյե թաղամասում, սակայն մարդկային զոհեր չկային, միայն նյութական վնասներ էին:

Ի՞նչ եք կարծում նոր թռիչքներ կլինեն, թե՞ մարդիկ վախեցած են դեպքից:

-Մարդիկ պետք է իրենց պատասխանատվությամբ անեն դա, որևէ մեկը չի կարող երաշխավորել կյանքը. մարդ կարող է ցանկացած պահի էլ պայթյունի և կրակոցի հանդիպել, բայց կարող է և ոչ մի բան էլ չպատահել: Մարդն ինքը պետք է մտածի:

– Կա՞ տեղեկություն, թե ով է կրակահերթ բացել հայերի ուղղությամբ, և արդյո՞ք նրանք Սիրիայի ազատ բանակից էին:

-Այդ ուղղությամբ հիմա ստուգում կկատարվի, բայց դեռ եզրակացություն չկա, որովհետև կրակոցներ եղել են, բայց ինչու հենց այդ ուղղությամբ և ինչ է եղել, դեռ ստուգվում է: Հենց որ իմանանք, հայտարարություն կանենք:

Իսկ Առաջնորդարանի հայերը կապ հաստատե՞լ են ընդդիմադիրների հետ այդ դեպքերի հետ կապված ստուգումներ անելու համար:

-Չէ, այդպիսի բան չի եղել: Ոչ մի կապ չի եղել: