Սեպտեմբերի 11-ին Հալեպի օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին, նախնական տվյալների համաձայն, զոհվել էր 4, վիրավորվել՝ 10 հայ: ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ հիմնական ճանապարհի՝ փակ լինելու պատճառով ուղևորները գնացել էին ուրիշ ճանապարհով և հայտնվել կրակահերթի տակ: Դեպքի կապակցությամբ ՍիվիլՆեթը զրուցել է Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանի հետ:
-Ի՞նչ նոր մանրամասներ կհայտնեք դեպքի կապակցությամբ:
-Զոհերը 4 են, մոտ 13-14-ը վիրավոր են. կան համեմատաբար ծանր և թեթև վիրավորներ: Երկու հոգի դեռ երեկ դեղորայքային բուժում են ստացել և տուն ուղարկվել: Բոլորն արդեն տարբեր հիվանդանոցներում են, մի քանիսը վիրահատվել են: Այսինքն՝ տարբեր մակարդակի վնասվածքներ են ստացել:
-Ինչպե՞ս են գնահատում բժիշկները վիրավորների վիճակը:
-Բժիշկները նշում են, որ այդքան լուրջ մտահոգության առիթ չկա: Լուրջ վնասվածքներ կան, բայց մտահոգիչ չեն:
-Իսկ հայկական թաղամասերում ի՞նչ իրավիճակ է տիրում:
-Հայկական թաղամասերը դեռ շատ լարված վիճակի մեջ են հիմա: Կան կրակոցներ, սակայն առաջվա այն ծանր կրակոցները չեն: Սպասողական և լարված վիճակ է:
-Լուրեր էին շրջանառվում, որ Հալեպի Նոր Գյուղ թաղամասում դիպուկահարներ կան: Ի վերջո ին՞չ պարզվեց. կայի՞ն, թե՞ ոչ:
-Այո, ես ինչ որ Ձեզ հիմա ասացի, դա հենց Նոր Գյուղի մասին էր, և ճիշտ է, որ դիպուկահարներ կան: Եվ այդ դիպակուհարների պատճառով մի քանի զոհ եղան, բայց ոչ հայ:
– Իսկ ճի՞շտ է, որ Առաջնորդարանի մոտ ռումբ էր տեղադրված:
-Այո, Առաջնորդարանի մոտ ռումբ կար, բայց միայն այստեղ չէր, կար նաև Ազիզիյե թաղամասում, սակայն մարդկային զոհեր չկային, միայն նյութական վնասներ էին:
–Ի՞նչ եք կարծում նոր թռիչքներ կլինեն, թե՞ մարդիկ վախեցած են դեպքից:
-Մարդիկ պետք է իրենց պատասխանատվությամբ անեն դա, որևէ մեկը չի կարող երաշխավորել կյանքը. մարդ կարող է ցանկացած պահի էլ պայթյունի և կրակոցի հանդիպել, բայց կարող է և ոչ մի բան էլ չպատահել: Մարդն ինքը պետք է մտածի:
– Կա՞ տեղեկություն, թե ով է կրակահերթ բացել հայերի ուղղությամբ, և արդյո՞ք նրանք Սիրիայի ազատ բանակից էին:
-Այդ ուղղությամբ հիմա ստուգում կկատարվի, բայց դեռ եզրակացություն չկա, որովհետև կրակոցներ եղել են, բայց ինչու հենց այդ ուղղությամբ և ինչ է եղել, դեռ ստուգվում է: Հենց որ իմանանք, հայտարարություն կանենք:
– Իսկ Առաջնորդարանի հայերը կապ հաստատե՞լ են ընդդիմադիրների հետ այդ դեպքերի հետ կապված ստուգումներ անելու համար:
-Չէ, այդպիսի բան չի եղել: Ոչ մի կապ չի եղել: