Վերահսկիչ պալատի ներկայացրած մեղադրանքները շատ անհասցե են. Ռուբիկ Հակոբյան

Վերահսկիչ պալատը հիմնականում ներկայացրել է այնպիսի հաշվետվություն, որը ինչ-որ չափով պատասխանում է հասարակության որոշ հարցերի, սակայն այնտեղ որևէ կոնկրետ փաստ իրավական գնահատական չի ստանում, այսօր խորհրդարանում իր ելույթում ասել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Մի բան է, երբ այդ մասին ընդդիմությունն է խոսում, ասում են՝ քաղաքական շահարկում է, իսկ այս դեպքում խոսում է պետության կողմից ֆինանասավոևրվող կառույց»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ հասարակությունը պետք է տեսնի՝ ինչ է կատարվում խախտում իրականացնողների հետ:

Պատգամավորը մի քանի ենթադրություն արեց այս հարցի վերաբերյալ. կա´մ իշխանության ներսում պայմանավորվածություն կա՝ տպավորություն ստեղծելու, թե իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, կա՛մ սա կոմպրոմատ է՝ այդ ոլորտների մարդկանց վրա ազդեցություն ունենալու համար, որպեսզի ընտրություններին նրանց վրա ճնշման մեխանիզմ ունենան, կարողանան ազդել դրանց արդյունքների վրա:

Հակոբյանի համոզմամբ՝ Վերահսկիչ պալատի ներկայացրած մեղադրանքները շատ անհասցե են, մինչդեռ «խնդիրների դեմ պայքարելու համար կոնկրետություն է անհրաժեշտ»:

Ամփոփելով ելույթը՝ պատգամավորը խորհուրդ տվեց իր գործընկերներին միանալ հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու՝ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությանը, քանի որ «բարձրագույն իշխանության կողմից հովանավորվող այս երևույթը՝ կոռուպցիան է պետության ողնաշարին հիմնական հարվածողը»:

Մեկնաբանել