1,5-միլիոնանոց ցույց՝ հանուն Կատալոնիայի անկախության

Երեկ Բարսելոնում մոտ 1,5 մլն մարդ մասնակցել է Կատալոնիայի անկախության աջակցությամբ ցույցին, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ թափահարելով Կատալոնիայի և հանուն անկախության շարժման դրոշներ։

Նմանատիպ ցույցերը Կատալոնիայում տեղի են ունենում ամեն տարի, սակայն սա պատմության մեջ խոշորագույնն է եղել։ Բացի անկախությունից՝ ցուցարարները պահանջել են փոփոխություններ Իսպանիայի հարկային օրենսդրությունում։

Ցույցերն իրականացվում են սեպտեմբերի 11-ին․ այդ օրը նշվում է Կատալոնիայի ազգային օրը։ Այս տարի ցույցի երթուղին ստիպված են եղել փոխել, քանի որ փողոց է դուրս եկել շատ ավելի շատ մարդ, քան ակնկալում էին կազմակերպիչները։

Ալֆրեդ Բոսկը (խորհրդարանի անդամ Կատալոնիայի Ձախ հանրապետական կուսակցությունից) BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ տեսել է միայն հանուն անկախության շարժման դրոշներ․ այն նման է կատալոնական սովորական դրոշին, սակայն ձախ հատվածում կա կապույտ եռանկյունի, որի կենտրոնում՝ սպիտակ աստղ։

«Կյանքումս չէի տեսել հանուն անկախության շարժման այդքան շատ դրոշ»,- ասել է խորհրդարանականը։

Մարդկանց հսկայական կուտակումը հանգեցրել է բջջային կապի համակարգերի՝ մի քանի ժամ տևած խափանումների։

Հարկերի խնդիրը

Իսպանիայի տնտեսական ճգնաժամը, որի հետևանքով երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը մնացել է առանց աշխատանքի, հանգեցրել են նրան, որ Կատալոնիան այժմ պահանջում է ոչ միայն քաղաքական ինքնավարություն Մադրիդից, այլև ֆինանսաբյուջետային անկախություն։

Կատալոնիան՝ Իսպանիայի ամենահարուստ շրջանը, որին մասնաբաժին է ընկնում իսպանական տնտեսության 20%-ը, պահանջում է ինքնուրույն հարկեր գանձելու և այդ միջոցները ծախսելու իրավունք։

Օգոստոսին Կատալոնիան Մադրիդից պահանջել էր ֆինանսական օգնություն՝ €5 մլրդ-ի չափով, քանի որ Բարսելոնի կարծիքով՝ հենց այդքան գումարի չափով է Կատալոնիան իր տարածքում գանձվող հարկերից ֆինանսավորում երկրի մնացած շրջաններին։

Ներկայում Կատալոնիայի, ինչպես և Իսպանիայի այլ շրջանների տնտեսությունը դժվարությունների է առերեսվել։

Այս տարի Կատալոնիայի կառավարությունը ստիպված է եղել ֆինանսավորել պետական պարտքը €13 մլրդ-ով։

Մադրիդում BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ Կատալոնիայի կառավարությունը ներկայում հազիվ է կարողանում վճարել պետական ծառայողների աշխատավարձերը։

Կատալոնիայի անկախության կամ ավելի մեծ ինքնավարության կողմնակիցները վստահեցնում են, որ Բարսելոնը չափից շատ հարկ է վճարում Մադրիդին՝ փոխարենը չստանալով բավարար փոխհատուցում։

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն իր հերթին վստահեցնում է, որ Կատալոնիայի անկախությունը ոչ մի կերպ չի օգնի երկրի՝ տնտեսական կոլապսից խուսափելու փորձերին։

Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասն ու Մարիանո Ռախոյը պետք է հանդիպեն սեպտեմբերի 20-ին։

Մեկնաբանել