Moody’s-ը սպառնում է վերանայել ԱՄՆ վարկանիշը

Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը սպառնացել է իջեցնել ԱՄՆ վարկային վարկանիշը, եթե իշխանությունները համաձայնության չգան պետպարտքի կրճատման շուրջ։ Ըստ գործակալության՝ վարկունակության տեսանկյունից ԱՄՆ-ի համար շատ ավելի լավ կլինի «թռչել բյուջետային ճեղքվածքի վրայով», քան բյուջետային ծախսերի ավելացման և հարկերի նվազեցման նոր ծրագիր ընդունել։ Բյուջետային ծախսերի կտրուկ և անվերահսկելի կրճատման հեռանկարը, որն ԱՄՆ-ին խորը ռեցեսիայով ու գործազրկության աճով է սպառնում, գործակալությանն այնքան էլ չի հուզում։

Նշենք, որ ԱՄՆ վարկային վարկանիշը, Moody’s-ի գնահատմամբ, ներկայում առավելագույն AAA մակարդակում է՝ «բացասական» կանխատեսմամբ։ Գործակալությունը նախօրեին հստակեցրել է իրադարձությունների զարգացման այն սցենարները, որոնց դեպքում բացասական կանխատեսումը կարող է վերաճել վարկանիշի վերանայման։

Այսպես՝ ԱՄՆ վարկանիշը կիջեցվի մինչև Aa1 մակարդակ, եթե 2013թ. ԱՄՆ իշխանությունները չկարողանան համաձայնեցնել պետպարտք/ՀՆԱ հարաբերակցության կրճատման ծրագիրը։ Եթե ծրագիրը, այնուամենայնիվ, համաձայնեցվի, գործակալությունը ԱՄՆ ներկայիս վարկանիշի կանխատեսումը «բացասականից» կվերանայի «կայունի»։

Երկրի վարկունակության ներկայիս առավելագույն վարկանիշն ու «բացասական» կանխատեսումը կարող է պահպանվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը «բյուջետային ճեղքվածքում» հայտնվի, այսինքն՝ եթե քաղաքական գործիչները դադարեցնեն ծրագրի համաձայնեցման շուրջ քննարկումները, ինչը, իր հերթին, կհանգեցնի բյուջետային գործող ծրագրերի ինքնաբերաբար կրճատման ու հարկային ժամանակավոր արտոնությունների չեղյալ հայտարարման։ Արդյունքը ռեցեսիան է ու գործազրկության մակարդակի կտրուկ բարձրացումը։ Փոխարենը պետպարտքը 2020-ին կկրճատվի մինչև ՀՆԱ-ի 60%-ի։

Moody’s-ը ԱՄՆ վարկանիշը կիջեցնի նաև այն դեպքում, եթե քաղաքական գործիչները համաձայնության գան բյուջետային ծրագրերի և հարկային արտոնությունների մասնակի պահպանման շուրջ՝ պետքպարտքի մակարդակը հասցնելով մինչև ՀՆԱ-ի 90%-ի։

Գործակալության փորձագետների համար Կոնգրեսում բանակցությունների արդյունքները կանխատեսելի չեն, հետևաբար նախքան վարկանիշի փոփոխության մասին որոշումը ընդունելը Moody’s-ում սպասելու են բանակցությունների ավարտին ու նախագահական ընտրությունների արդյունքներին։

Հիշեցնենք՝ 2011թ. օգոստոսին պետպարտքի մակարդակի շուրջ հանրապետականների և դեմոկրատների դիմակայությունը ԱՄՆ-ի տեխնիկական դեֆոլտի պատճառ էր դառնալու։ Դիմակայությանն արձագանքեց Standard&Poor’s միջազգային վարկանշային գործակալությունը՝ իջեցնելով երկրի վարկանիշը։ Վարկանշային եռյակում մյուս երկուսը ձեռնպահ մնացին կտրուկ քայլերից։

Նշենք նաև, որ առաստաղային մակարդակին, որը սահմանվեց օգոստոսյան պայմանավորվածությունների արդյունքում, ԱՄՆ պետպարտքը կհասնի մինչև տարեվերջ։ Մի քանի ամիս հետո կսպառվեն նաև պարտքի տոկոսադրույքներն ու այլ ծախսերը սպասարկելու կառավարության հնարավորությունները։ Հենց այդ ժամանակ էլ Moody’s-ում վերանայման կդնեն երկրի վարկանիշը։