Զուրաբյանը դեմ է Դոնթի բանաձևով ԵԽԽՎ հանձնաժողովներում պատվիրակների բաշխմանը

Ազգային ժողողովում Հայ ազգային կոնգերս խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության կազմում իր ընդգրկմանը:

Զուրաբյանը նշեց, որ ինքը դեմ հանձնաժողովների կազմում Դոնթի բանաձևով պատվիրակների ընդգրկմանը, որի հիման վրա է որոշվում, թե ԵԽԽՎ որ հանձնաժողովներում են պատվիրակներն ներկայացված լինելու: Զուրաբյանի խոսքով՝ այդպիսով ՀԱԿ-ը ներկայացված չի լինի այն երկու հանձնաժողովներում՝ Մարդու իրավունքների և Քաղաքական հարցերի, որոնք Կոնգրեսը խիստ կարևոր է համարում Հայաստանի համար:

ՀԱԿ համակարգողի խոսքով՝ աշխատանքը հանձնաժողովի կազմում իրենք պատկերացնում են ելույթների և հանդիպումների տեսքով, և որևէ հանձնաժողովում չընդգրկվելու միակ թերությունն այն է, որ ՀԱԿ-ը՝ ի դեմս իրեն, չի մասնակցի հանձնաժողովների կողմից օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում ներառված Դոնթի բանաձևով են կազմվում եվրոպական բոլոր խորհրդարանական կառույցների ղեկավար կազմերը:

Բանաձևի համաձայն՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովներում առաջին առաջադրման իրավունքը ՀՀԿ-ինն է, երկրորդը՝ ԲՀԿ–ինը (որպես ամենամեծ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունների), երրորդը և չորրորդը՝ կրկին ՀՀԿ-ինը, հինգերորդը՝ կրկին ԲՀԿ-ինը, վեցերորդն ու յոթերորդը՝ կրկին ՀՀԿ-ինը և այսպես շարունակ՝ մինչև կսպառվեն ԱԺ 12 մշտական հանձնաժողովները:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը կլինի ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Պատվիրակության հիմնական անդամներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Հայ ագզային կոնգերս խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության փոխարինող անդամներն են ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը, ՀՀԿ-ից` Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը:

Մեկնաբանել