Գերմանիայի Սահմանադրական դատարանը աջակցեց եվրոգոտու կայունացմանը

Գերմանիայի Սահմանադրական դատարանը երկրի օերնսդրությանը ոչ հակասող է ճանաչել եվրոգոտու հակաճգնաժամային հիմնադրամի՝ Եվրոպական կայունացման մեխանիզմի (European Stability Mechanism, ESM) ստեղծման մասին փաստաթուղթը, ինչպես նաև ԵՄ բյուջետային պակտի ստորագրումը՝ մի շարք պայմանների հետևելու դեպքում, հաղորդում է Reuters-ը։

Համաձայն դատարանի առաջադրած պայմանների՝ Գերմանիայի պարտավորությունները ESM-ի առջև չպետք է գերազանցեն €190 մլրդ-ը՝ առանց գերմանական խորհրդարանի ստորին պալատի հավանության։ Բացի այդ՝ Գերմանիայի խորհրդարանի երկու պալատները պետք է տեղեկացված լինեն ESM-ի շրջանակում ընդունված որոշումներին։ Այդպիսով՝ դատարանը չեղյալ է հայտարարել գաղտնիության մասին կետը, համաձայն որի՝ հիմնադրամը իրավունք ուներ չբացահայտելու իրականացվող գործարքների մասին տեղեկատվությունը։

«Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից հետո դատարանը վճռել է, որ ընդունված օրենքները չեն հակասում Սահմանադարությանը։ Հետևաբար՝ ESM-ի և բյուջետային պակտի մասին օրենքի վավերացումն արգելափակելու պահանջը չի կարող բավարարվել»,- հայտարարել է դատավոր Անդրեաս Ֆոսկուլեն։

«Բունդեսթագը պահպանում է բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների սահմանման իրավունքը։ Գերմանիան չի կարող լինել այլ պետությունների պարտավորությունների փոխանցման համար ստեղծված միջազգային մեխանիզմների մի մասը, հատկապես եթե այդ պարտավորությունների ծավալը դժվար է սահմանել»,- ասված է դատական որոշման տեքստում։

Շուկաները դրական են արձագանքել Գերմանիայի Սահմանադրական դատարանի որոշմանը։ Եվրոն սկսել է արժևորվել։

Հիշեցնենք, որ ESM-ն եվրոգոտու հակաճգնաժամային մշտական հիմնադրամ է՝ €500 մլրդ ծավալով։ Այն կաշխատի այն դեպքում, եթե արժանանա երկրների հավանությանը, որոնց բաժին է ընկնում Եվրոպական կենտրոնական բանկում եվրոգոտու հիմնարար կապիտալի 90%-ը։ Ակնկալվում էր, որ ESM-ն կվավերացվի մինչև 2012թ․ հուլիսի 1-ը, սակայն վերջնաժամկետը տեղափոխվեց եվրոգտու մի շարք երկրներում, ներառյալ՝ Գերմանիայում, վավերացման գործընթացների դանդաղեցման պատճառով։

ԵՄ բյուջետային պակտը ենթադրում է պատժամիջոցների «կիսաավտոմատ» կիրառում բլոկի անդամ երկրների նկատմամբ, որոնք խախտում են բյուջետային դիսցիպլինան։ Պակտը ստորագրել է ԵՄ 27 անդամներից 25-ը։ Այն չեն ստորագրել Չեխիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները։ Պայմանագրի դրույթները նախատեսում են բալանսավորված կամ հավելուրդային բյուջեի անհրաժեշտություն անդամ երկրներում։ Այլ կերպ ասած՝ նրանց տարեկան կառուցվածքային դեֆիցիտը չպետք է գերազանցի անվանական ՀՆԱ-ի 0,5%-ը։

Մեկնաբանել