Վարչապետը չգիտի՝ դասարանցիները երբ կստանան կառավարության ծրագրով նախատեսված համակարգիչները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը չգիտի, թե կառավարությունը երբ կկարողանա կատարել իր ծրագրով ամրագրված՝ առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու խոստումը։ Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը, ի պատասխան ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հարցի, թե երբ են 2012-13 թթ․ ուսումնական տարվա առաջին դասարանցիները ստանալու կառավարության ծրագրով նախատեսված անվճար համակարգիչները, կոնկրետ պատասխան չտվեց՝ ասելով, որ այդ ծրագիրը կքննարկվի և կհաստատվի կառավարության նիստում, կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու համար կառավարությունը պետք է մշակի համապաասխան ծրագիր, ավարտի բանակցությունները Intel ընկերության հետ և այդ ամենից հետո ծրագիրը ներկայացվի պատգամավորների դատին։

Վարչապետը նաև նշեց, որ կառավարությունը ծրագրել է տարեկան կտրվածքով ձեռք բերել 50 հազ. համակարգիչ, ինչը կնպաստի Հայաստանի տեղեկատվական տեխնելոգիաների ոլորտի զարգացմանը։ Համագործակցության բանակցություններն ընթանում են Intel-ի հետ։ «Ենթադրվում է նաև Հայաստանում ստեղծել համակարգիչների հավաքման գործարան»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ այդ բոլոր ծրագրերի իրականացումը կախված է Intel-ի հետ բանակցություններից: