Նիդեռլանդներում խորհրդարանական ընտրություններ են

Նիդեռլանդներում տեղի են ունենում խորհրդարանական վաղաժամ ընտրություններ, որոնց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն, հաղորդում է Euronews-ը։ Ներկայիս ընտրարշավի առանձնահատկությունը եվրասնահավատության աճն է։ Եթե նախորդ ընտրություններում կենտրոնականը միգրանտների խնդիրն էր, ապա այժմ առաջ են մղվել սոցիալիստները «Բավակա՛ն է կերակրել Հունաստանը» կարգախոսներով։

Այսօր առավոտից Հոլանդիայում իրենց աշխատանքն են սկսել 10 հազ․ ընտրատեղամասեր։ Խորհրդարանական վաղաժամ ընտրություններում 12 մլն քաղաքացի պետք է ընտրի խորհրդարանի երկրորդ պալատի 150 պատգամավոր։ Ստորին պալատի տեղերի համար պայքարում է 21 քաղաքական կուսակցություն։ Պատգամավորներն ընտրվում են չորս տարի ժամկետով համամասնական կարգով։ Որպեսզի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները ճանաչվեն կայացած, պետք է քվեարկի ընտրողների առնվազն 25%-ը։

Այս խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնցում առաջ էր մղվել Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ Ազատության կուսակցությունը փարաջա կրելն ու մինարեթների կառուցումն արգելելու առաջարկներով, ապա այժմ ամրապնդվել են Սոցիալիստական կուսակցության դիրքերը Էմիլ Ռումերի գլխավորությամբ։ Սոցիալիստական կուսակցությունը հանդես է գալիս «Բավակա՛ն է կերակրել Հունաստանը» կարգախոսով, որն արտացոլում է քաղաքացիների մեծ մասի տրամադրվածությունը եվրաինտեգրացիոն նախագծի նկատմամբ։

Այդուհանդերձ, համաձայն սոցհարցումների՝ հաղթելու շանսեր ամենաշատն ունի երկրի նախկին վարչապետ Մարկ Ռյուտեի Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը։ Առաջատարների քառյակում է նաև Դիդերիկ Սամսոմի Աշխատանքի կուսակցությունը, քառյակը եզրափակում է Ազատության կուսակցությունը։

Ընտրություններում հաղթող կուսակցությունը ավանդաբար բանակցություններ է իրականացնում կառավարության ձևավորման շուրջ։ Նրա առաջնորդը, որպես կանոն, դառնում է Նիդեռլանդների վարչապետ։ Համաձայն կանխատեսումների՝ կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվի ստանալ բացարձակ մեծամասնություն, որն անհրաժեշտ է միակուսակցական կառավարության ձևավորման համար, ու այն, ինչպես և նախկինում, կլինի կոալիցիոն։ Նախնական արդյունքները հայտնի կլինեն այսօր՝ ընտրատեղամասերի փակումից հետո (Երևանի ժամանակով ժամը 23․00-ին)։

Մեկնաբանել