Ռոբերտ Քոչարյանն «ունի ընդամենը մեկ շուն, որը դատարկ տեղը չի հաչում»

Ռուբեն Հայրապետյանին այսօր չեն բշտում թերևս միայն կուսակիցներն ու ալարկոտները, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի` Les Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցը, հաղորդում է երկրորդ նախագահի գրասենյակը: 

«Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասկանար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին) և հանդես գար համապատասխան բացատրություններով: Ցավոք, դա տեղի չունեցավ: Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերևս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:

Հ.Գ. Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի՝ Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»,- նշված է Սողոմոնյանի տարածած հաղորդագրությունում: 

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Փարիզում հրատարակվող Les Nouvelles d’Armenie հանդեսին տված հարցազրույցում, պատասխանելով քաղաքացիական շարժման ակտիվիստների մասին հարցին, ասել էր․ «Ինձ ասացեք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը: Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ի՞նչ պիտի անեն. պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ «Բարգավաճ», Լևոն, բոլորը միավորվել են… Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել»: