«Գիզելա-Ժիզել»`պահ, երբ պարը կարևոր է

Սեպտեմբերի 10-ից Հայաստանում է գտնվում Բոննի քաղաքապետարանի պատվիրակությունը: Այն ժամանել է հատուկ ծրագրով, որը ենթադրում է մշակութային փոխանակություն երկու երկրների միջև: Սեպտեմբերի 14-ին Մնջախաղի պետական թատրոնը երևանցիներին կներկայացնի իր գերմանացի կոլեգաներին` Euro Theater Central թատերախմբին և նրանց «Գիզելա-Ժիզել» ներկայացումը:

Երեք հոգուց բաղկացած խումբն այս օրերին փորձեր է անցկացնում Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում, որտեղ և կներկայացվի պիեսը: Փորձերից մեկին ներկա է գտնվել «Օրակարգի» լրագրողը և զրուցել թատերախմբի անդամների հետ:

Euro Theater Central թատրոնը 43 տարի առաջ ստեղծել են Գիզելա Ֆլուգղաթ-Մարտոն և նրա ամուսինը` Կլաուս Մարտոն: Ամուսնու մահից հետո, արդեն 7 տարի, Գիզելան մենակ է ղեկավարում թատրոնը: Երկարատև պատմության ընթացքում նա բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել, այդ թվում «Ելք չկա»-ն՝ ըստ Ժան Պոլ Սարտրի, որն արդեն 35 տարի ներկայացվում է հանդիսատեսին և Պատրիկ Զյուսկինդի «Կոնտրաբաս» մոնոներկայացումը, որը բեմում է 25 տարի անընդմեջ: Բացի 12 խաղացանկային ներկայացումից՝ թատրոնը յուրաքանչյուր սեզոնին 3-4 նոր ներկայացում է բեմադրում:

Թատրոնը ստեղծվել է Ֆրաու Գիզելայի կյանքի շրջադարձային պահին, երբ 16 տարի դասական բալետի թատերախմբում պարելուց հետո նրան ազատել են աշխատանքից: «Ես չեմ պարել այնտեղ, պարզապես տեղ չկա` մեր բեմն ընդամենը 5 քառակուսի մետր է: Փոխարենը հետաքրքրվել եմ ռեժիսուրայով»,- ասում է գեղարվեստական ղեկավարը: Այժմ նա գրեթե չի աշխատում իբրև ռեժիսոր, քանի որ ստիպված է հոգալ թատրոնի ադմինիստրատիվ խնդիրները: Euro Theatre Central-ում այսօր 25 հրավիրյալ ռեժիսոր է աշխատում, որոնցից մեկն էլ Բաբել Շթինցելբերգերն է, որը բեմադրել է Գիզելա Ֆլուգղաթ-Մարտոյին նվիրված «Գիզելա-Ժիզել» ներկայացումը:

«Գիզելա-Ժիզել» ներկայացման մեջ հեղինակները, որոնք հենց դերասաններն են` Բաբել Շթինցելբերգերն ու Օլաֆ Ռայնեկեն, փորձում են բացահայտել գերմանական թատրոնների խնդիրները: Պարուհի Բաբել Շթինցելբերգերն ասում է, որ գերմանական թատրոններում ճգնաժամային պահերին ամենից շատ տուժում են հենց պարողները, որոնց կրճատում են առաջին հերթին: «Մենք փորձել ենք այդ խնդիրը ցույց տալ Գիզելայի պատմության համատեքստում»,-ասում է նա:

«Բաբելն ու Օլաֆը եկան ինձ մոտ և ասացին, որ ցանկանում են, որ պատմեմ իմ կյանքի մասին: Նրանք ձայնագրեցին մեր մտերմիկ զրույցը և հետագայում օգտագործեցին ներկայացման համար: Իմ տեքստը չափազանց բաց է ստացվել, անձնական, քանի որ ես չգիտեի այն ժամանակ, որ ձայնագրությունը հենց այդպես կօգտագործվի: Սակայն իմ կարծիքով, ներկայացումը միայն շահել է դրանից»-պատմում է Գիզելան:

Գաղափարի բազմակողմ և ամբողջական ներկայացման համար հեղինակները դիմել են ժամանակակից թատրոնի առաջարկած արտահայտչական տարբեր մեթոդներին, որոնցից մեկը մուլտիմեդիայի օգտագործումն է: Մնջախաղային ներկայացումը ուղեկցվում է երաժշտությամբ, լուսային էֆեկտներով և տեսանյութով, որը դրա հիմնական բաղկացուցիչն է` դերասանների խաղի հետ հավասար: «Մենք երկար ենք մտածել, թե ինչպես կապենք այդ երկու մասերը և վերջապես գտել ենք լուծումը: Չնայած որ սկզբում հանդիսատեսի համար մեր խաղն ու էկրանին կատարվողը ոչ մի կապ չունեն միմյանց հետ՝ ինչ-որ պահից դրանք միախառնվում են և սկսում լրացնել միմյանց: Սա նաև խորհրդանշական է`ես ցանկանում էի ցույց տալ, որ Գիզելայի պատմությունը շարունակում է արդի մնալ և վերաբերում է մեզ բոլորիս»,-ասում է պարուհին:

Կապը ժամանակների, կերպարների և ճակատագրերի միջև ընդգծում է նաև ներկայացման երաժշտությունը: Բաբելն ու Օլաֆն օգտագործել են Ադոլֆ Շարլ Ադանի «Ժիզել» բալետի պարտիտուրը: Բալետը համարձակ և նվիրված գեղջկուհի Ժիզելի պատմությունն է, որը զոհաբերում է իրեն հանուն սիրո: «Ժիզելն, իմ կարծիքով, Գիզելան է, թեև, ճակատագրի հեգնանքով, նա երբևէ չի պարել այդ դերը: Գիզելան ուժեղ անձնավորություն է, նա այնքա՜ն գործ է արել, այնքա՜ն որոշումներ կայացրել իր կյանքում»,-ասում է Բաբելը:

Բաբելն ավելացնում է, որ չի ցանկացել բողոքել, կամ աղմկահարույց մոդեռն ստեղծագործություն բեմադրել,այլ ընդամենը հույս ունի արվեստի պոետիկ լեզվով հասարակության ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ պարողները շարունակում են սիրել իրենց զբաղմունքը և երազում, որ այն գնահատված լինի: «Միգուցե Գերմանիայում պարն այլևս այդքան էլ չի կարևորվում, բայց մենք ցանկանում ենք ցույց տալ, որ մի փոքրիկ վայրում, որոշ մարդկանց համար, այն դեռևս կարևոր է»:

«Գիզելա-Ժիզել» ներկայացումն առաջին անգամ է ցուցադրվելու արտերկրում, հարազատ բեմից դուրս: Հատուկ հայաստանյան հյուրախաղերի համար տեսաֆիլմի տեքստը թարգմանվել է հայերեն: «Ես մտածեցի, որ միգուցե Հայաստանում մարդկանց կհետաքրքրի գերմանական թատրոնը, ինչպես ինձ, օրինակ, հետաքրքրում է հայկականը: Միգուցե նրանք կցանկանան իմանալ, թե ինչպիսին է այն, որքան կարևոր է գումարը արվեստի համար, քաղաքական իրավիճակը, ինչպես է ցանկացած բան անդրադառնում մեզ վրա»,-անկեղծանում է Բաբելը:

Euro Theater Central-ն ընդամենը մեկ ներկայացում կունենա Երևանում:

Մեկնաբանել