Հունաստանի իշխանությունները վարձակալության կհանձնեն 40 անմարդաբնակ կղզի

Հունաստանի սեփականաշնորհման գործակալությունը (HRADF) սահմանել է 40 անմարդաբնակ կղզի, որոնք հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջության համար և կարող են վարձով տրվել 30-50 տարի ժամկետով, հայտարարել է գերատեսչության գործադիր տնօրեն Անդրեաս Տապրանցիսը Bloomberg-ին տված հարցազրույցում։

HRADF-ի աշխատակիցները ուսումնասիրել են հունական վեց հազար կղզիներից 561-ը, հաղորդում է գործակալությունը։

«Մենք սահմանել ենք այն կղզիները, որոնք մոտ են մայրցամաքին, որոնցում լավ զարգացած է ենթակառուցվածքը, և որոնք սպառնալիք չեն ներկայացնում ազգային անվտանգությանը»,- ասել է պաշտոնյան։ Նա չի հստակեցրել, թե ինչ ենթակառուցվածք կարող է լինել անմարդաբնակ կղզիներում։

Տապրանցիսը նշել է, որ կղզիները վարձով տալու համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան օրենք։

Հունական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ Իսրայելն ուսումնասիրում է հունական կղզիների գնման հարցը՝ Միջերկրական ծովի այդ ռազմավարապես կարևոր կետում ռազմածովային բազա ստեղծելու համար։

2010-ից, երբ Հունաստանն առաջին անգամ դիմեց Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությանը արտաքին պարտքը վճարելու հնարավորություն չունենալու պատճառով, միջազգային մամուլում բազմիցս հայտնվել են «հունական կղզիների ծախծխման» մասին տեղեկություններ։

Հունաստանի իշխանությունները մշտապես հերքում էին այդ տեղեկատվությունը։

Օգոստոսին Հունաստանի ձախ արմատական ՍԻՐԻԶԱ բլոկը, որը հունիսին տեղի ունեցած ընտրությունները չնչին տարբերությամբ պարտվեց աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը, երկրի կառավարությանը մեղադրեց կղզիների ծախծխում նախապատրաստելու մեջ։ ՍԻՐԻԶԱ-ն վկայակոչում էր Հունաստանի վարչապետի հարցազրույցը ֆրանսիական Le Monde պարբերականին։

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկօղլուն այդ ժամանակ հայտարարեց, որ պարբերականը սխալ է թարգմանել Հունաստանի վարչապետի խոսքը, որը խոսել է ոչ թե կղզիների վաճառքի, այլ դրանց օգտագործման մասին։

Նախարարների կաբինետը տարածեց մեջբերում վարչապետի հարցազրույցից, որում ասված էր․ «Մենք չունենք մասնավոր կղզիներ, միայն ոչ մեծ, քարոտ կղզյակներ, անմարդաբնակ, որոնք արշիպելագի մաս են։ Եթե ազգային անվտանգության խնդիրներ չկան, այդ կղզյակները կարելի է օգտագործել կոմերցիոն տեսանկյունից։ Խոսքը ամենևին էլ ծախծխումի մասին չէ, խոսքը այդ անմարդաբնակ հողը կապիտալի վերածելու մասին է, որը կարող է եկամուտներ ապահովել ողջամիտ գնով»։