ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է համարում հայերի 62%-ը, իսկ ադրբեջանցիների 52%-ը. հարցում

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը խաղաղ ճանապարհով հնարավոր է համարում Հայաստանում հարցվածների 62%-ը: Ադրբեջանում այս տեսակետը կիսում է հարցվածների 52%-ը, մինչդեռ խնդրի լուծումը պատերազմի միջոցով հավանական է համարում հարցվածների 42%-ը: Այս մասին են վկայում Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի տարածաշրջանային ամենամյա հետազոտության արդյունքները:

«Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակում 2011թ. իրականացված հետազոտությունում բացահայտվել է հանրության կարծիքը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների վերաբերյալ: Այն հարցին, թե երբ կլուծվի ԼՂ խնդիրը, «երբեք» կամ «չգիտեմ» են պատասխանել Հայաստանում հարցվածների 62, իսկ Ադրբեջանում հարցվածների 44%-ը:

Հատկանշական է, որ հայերին թշնամի է համարում Ադրբեջանում հարցվածների 94%-ը, իսկ Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 60%:

Տարածաշրջանում առկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրների համատեքստում դրական կարող է համարվել այն փաստը, որ կյանքից ընդհանուր բավարարվածության միջին մակարդակը Հայաստանում և Ադրբեջանում գնահատվել է հավասար` 5,1 բալ (10-բալանոց սանդղակով): Վրաստանում այն ավելի բարձր` 5,6 բալ է եղել: Հետաքրքիր է, որ երջանկության միջին մակարդակը Հայաստանում կազմել է 6,6 բալ, Ադրբեջանում` 6,1, իսկ Վրաստանում` 6,9 բալ:

Մեկնաբանել