Հենրիխ Մխիթարյանին տպավորիչ կարիերա է սպասվում. Լուչեսկու

Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկու ծավալուն հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին, որտեղ խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

-Որքանո՞վ է բարելավվել Հենրիխ Մխիթարյանի խաղը այն պահից հետո, երբ նա տեղափոխվել է «Շախտյոր» և ինչպե՞ս եք Դուք գնահատում խաղադաշտում նրա դերը, ինչպես նաև` խաղադաշտից դուրս:

-Նախ և առաջ, նա շատ հարգալից երիտասարդ է: Խաղացողների հետ շփմանը ես միշտ արժանի պահվածք եմ պահանջում սպորտում, թե պրոֆեսիոնալ, թե քաղաքացիական մակարդակում: Դա պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի հիմնաքարը պետք է լինի:

Մխիթարյանն ունի այս հիմնական որակները և դա այն պատճառներից մեկն է, որ ես ցանկանում էի նա տեղափոխվի «Շախտյոր»: Նա խաղացել է «Փյունիկում» և Դոնեցկի «Մետալուրգում», ես ծանոթ էի նրա որակներին ու գիտեի, թե նա ինչ կարող է բերել «Շախտյոր»: Ես պետք է թողնեի Ժադսոնին հեռանալ, նա ցանկանում էր վերադառնալ տուն` պատրաստվում էր երկրորդ անգամ հայր դառնալուն: Նրան փոխարինելու եկավ Մխիթարյանը:

Նա արագացնում է խաղը ու ազատ տարածություններ է բացում: Հենրիխը գոլային պահեր է ստեղծում մյուսների համար, թեև ինքն էլ կարող է վճռորոշ հարված հասցնել: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, քանի որ նույն հաջողությամբ իրեն դրսևորում է նաև պաշտպանողական գծում:

Այս պահին նա կարող է դառնալ մեր առանցքային խաղացողը, թեև մեր կազմում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սրնան, Ֆերնանդինյոն, Վիլիանը և Ռակիցկին:

Մխիթարյանի առաջընթացը մեծ քայլ առաջ է մեզ համար: Կարծում եմ` նրան տպավորիչ կարիերա է սպասում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com