Ներկայացվեց iPhone 5-ը

Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրեց iPhone 5-ը, որի կորպուսը դարձել է առավել բարակ` 7,5մմ, իսկ էկրանի անկյունագիծը հասել 4 դյույմի:

Ինչպես և սպասվում էր, ընկերությունը բավական զարգացրել է այս մոդելը` նախորդ երկուսի համեմատությամբ. iPhone 5-ին տրվել է Apple A6 պրոցեսոր` Apple-ի կողմից կիրառվող ամենաարդյունավետ տարբերակը: Ինչպես և նախկինում` հեռախոսի հետ տրամադրվում է 16, 32 կամ 64 գ/բայթ հիշողության կրիչ:

Նոր մոդելը ունի 4G ցանցում աշխատելու հնարավորություն, և սպասվում է, որ ԱՄՆ-ում վաճառքի դուրս կբերվի մոտ մեկ շաբաթից` արժենալով շուրջ $600: Wi-Fi հնարավորությամբ մոդելները ԱՄՆ-ում կարժենան $199-$399` հեռախոսային օպերատորի հետ պայմանագիր կնքելու պարագայում: Նախնական պատվերներ հնարավոր կլինի կատարել սեպտեմբերի 14-ից: «Երկրորդ ալիքի» երկրներում վաճառքը կսկսվի, թերևս, սեպտեմբերի 28-ից:

Նորացված մոդելները կներկայացվեն երկու գունային լուծումով` սև և սպիտակ. տեղեկատվությունն` ըստ Ria-novosti և BBC գործակալությունների:

Նշենք, որ առաջին iPhone շուկա է դուրս բերվել 2007թ. ընդամենը հինգ տարում Apple-ը վաճառել է տարբեր սերունդների շուրջ 244 մլն iPhone:

Նշենք նաև, որ, ինչպես հաղորդել էր ՍիվիլՆեթը, նոր սերնդի iPhone-ի վաճառքները կարող են 0,25-0,5%-ով խթանել ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը։

Մեկնաբանել