Ուժեղացվում է ամերիկյան դիվանագետների անվտանգությունը ողջ աշխարհում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խստորեն դատապարտել է լիբիացիների հարձակումը Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող ամերիկյան հյուպատոսարանի վրա. հաղորդում BBC-ն:

Օբաման հարձակումը, որի արդյունքում զոհվել է չորս ամերիկյան դիվանագետ, այդ թվում` ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավար Քրիստոֆեր Սթիվենսը, որակել է «վրդովեցնող» և հայտարարել, որ հրաման է տվել ողջ աշխարհում ուժեղացնել ԱՄՆ դիվանագետների անվտանգության պահպանման համակարգերը:

Ավելի ուշ Օբաման Սպիտակ տանը ելույթ է ունեցել և խոստացել Լիբիայի իշխանությունների հետ համագործակցելով` դատարանին հանձնել ամերիկյան դիվանագետներին սպանողներին:

Հյուպատոսարանի աշխատակիցների մահվան հանգամանքների մասին պաշտոնական տեսակետ չի հրապարակվում, սակայն ըստ lifenews.ru-ի տվյալների` Քրիստոֆեր Սթիվենսը զոհվել է հյուպատոսարանի աշխատակիցներին այրվող շենքից դուրս բերելիս: Հրդեհն այստեղ բռնկվել էր ամբոխի նետած ինքնաշեն ռումբերից, Սթիվենսը հյուպատոսարան էր եկել անձամբ իրավիճակը վերահսկելու, սակայն հանդարտվելու իր կոչերն անարձագանք էին մնացել, իսկ աշխատակիցներին փրկելու փորձին ինքն էր զոհ գնացել:

Ականատեսների վկայությամբ`ահաբեկիչները Սթիվենսի անձնական ավտոմեքենայից հանել են զոհերի մարմինները, լուսանկարվել սպանված ամերիկացի դիվանագետների հետ, հետո`մարմինները գցել գետնին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դիվանագետների վրա լիբիացիների հարձակման պատճառը «Սեպտեմբերի 11»-ի մասին ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ցուցադրությունն էր, որը, ըստ լիբիացիների, վիրավորում է Մուհամեդ մարգարեին: Ֆիլմի դեմ բողոքին ի պատասխան` Սպիտակ տունը հայտարարել էր, որ «անընդունելի է համարում որևէ մեկի կրոնական զգացումները նվաստացնելու ցանկացած փորձ»: Իսկ դիվանագետների սպանությունից հետո Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի առաջնորդ Մուհամեդ ալ-Մաղրիֆը ներողություն էր խնդրել Միացյալ Նահանգներից՝ Բենգազիում ամերիկյան հյուպատոսարանի վրա հարձակման ու դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսի և ևս 3 աշխատակցի սպանության համար:

Մեկնաբանել