Ներդնել Ավստրալիան ու Ֆիլիպինները

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 13-ին նախատեսում է հավանություն տալ երկու միջպետական պայմանագրերի կնքմանը։ Եթե Ավստրալական Միության կառավարության հետ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության պայմանագրի կնքումը հիմնավորված է, ապա առնվազն անհասկանալի է նմանատիպ փաստաթղթի ստորագրումը Ֆիլիպինների հետ։

Էկոնոմիկայի նախարարության կողմից կառավարությանը ներկայացված «ՀՀ կառավարության և Ավստրալական Միության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» և «ՀՀ կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալու որոշման նախագծի տեղեկանքում նշվում է, որ այդ երկրների հետ դեռևս ձևավորված չէ առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, և տվյալ բնագավառի հարաբերությունների կանոնակարգման նպատակով անհրաժեշտ է նախաձեռնել համապատասխան համաձայնագրերի ստորագրումը։

Իհարկե, միջկառավարական պայմանագրերն ու իրավական դաշտի կանոնակարգումը կարևոր են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, բայց կարևորագույն պայմանը չէ։ Դրա մասին է վկայում թերևս այն, որ Ավստրալիայի հետ չունենալով ներդրումների պաշտպանության իրավական փաստաթուղթ՝ անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսությունում այդ երկրից կատարվել է մոտ $31 մլն-ի ներդրում՝ ավելի շատ, քան օրինակ՝ Չինաստանից (Հայաստանի տնտեսությունում կատարել է $1,3 մլն-ի ներդրում), որի հետ առկա է ներդրումների պաշտպանության իրավական փաստաթուղթ։ Հայաստանի և Ավստրալիայի միջև արտաքին առևտրի ծավալը 2011թ. կազմել է $2 մլն կամ գրեթե այնքան, որքան Մոլդովայի հետ։

Հայաստանի և Ֆիլիպինների հետ առևտրատնտեսական կապերը գրեթե բացակայում են։ Հայաստանի տնտեսությունում այդ երկրից ներդրումներ չեն կատարվել, համենայնդեպս Ազգային վիճակագրական ծառայության կողմից օտարերկրյա ներդրումների հրապարակումներում նման տեղեկատվություն չկա, այն դեպքում, երբ ԱՎԾ-ն արձանագրել է նույնիսկ Թաիլանդից կատարված $100-ի ներդրումը։

Հայաստանի և Ֆիլիպինների միջև երկկողմ առևտրի ծավալները նույնպես մեծ չեն. 2011թ. արտաքին առևտուրը կազմել է $21,6 հազ., որից Հայաստանի արտահանումը՝ $1 հազ.։ Այն, որ երկու երկրները միմյանց համար վերջին չորս տարիներին լուրջ հետաքրքրություն չեն ներկայացրել, վկայում է նաև արտաքին առևտրի ծավալների տարեցտարի արձանագրված կրճատումը։ Այսպես՝ 2008թ. արտաքին առևտրի ծավալը կազմել է $573 հազ., որից $470 հազ-ը՝ Հայաստանի արտահանումը, 2009թ. արտաքին առևտրի ծավալը կրճատվել է 70%-ով՝ 2010թ. կազմելով ընդամենը $40 հազ.։

Նման պայմաններում Ֆիլիպինների հետ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի ստորագրումը հազիվ թե կտրուկ խթանի երկու երկրների առևտրատնտեսական կապերը։

Մեկնաբանել