Գոնե փորձ անել երկիրը փրկել դեֆոլտից

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՍիվիլՆեթի հետ ճեպազրույցում անդրադարձել է արտաքին պետական պարտքի վտանգավորության աստիճանին ու նշել քայլերը, որոնք անհրաժեշտ են ֆինանսական ոլորտը կարգավորելու ու երկիրը դեֆոլտից փրկելու գոնե փորձ անելու համար։

Հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ արտաքին պարտքն ավելի խելամիտ կառավարելու համար, Հրանտ Բագրատյանը նշեց, որ նախ Կենտրոնական բանկը պետք է դադարի պարտք վերցնել, քանի որ «պարտք վերցնում է միայն կառավարությունը»: «Երկրորդ՝ հսկողություն կմտցնեմ բանկերի նկատմամբ, որոնք ռեսուրսներ են ներգրավում, և այդտեղ չկա ԿԲ-ի հսկողությունը: Երրորդ՝ բանկային կարգավորումը կհանձնարարեի ԿԲ-ին, բայց այն, ինչ կոչվում է հսկողություն կամ «նադզոռ», կհանձնարարվի այլ մարմնի, որ Կենտրոնական բանկից դուրս է»,– նշեց պատգամավորը:

Ըստ Բագրատյանի՝ միայն այս քայլերից հետո հնարավոր կլինի պատշաճ կարգուկանոն մտցնել երկրի ֆինանսական ոլորտում՝ մասնավորապես բանկերում, ու «նվազեցնել պարտքի վտանգավորության աստիճանը կամ գոնե փորձ անել երկիրը փրկել դեֆոլտից, որը գալու է»:

«Ինչի՞ համար էր ռուսական պարտքը։ Պարտքը բերել, շուրջ կեսը տվել են որպես վարկային ռեսուրս։ Ձրի կամ էժան վարկային ռեսուրս տալու համար պա՞րտք են վերցնում»,– տարակուսեց նախկին վարչապետը՝ նշելով, որ արտաքին պարտքը ծախսվում է հօգուտ ժողովրդի և ծախսվում այնպիսի նախագծերի վրա, որոնց օգուտը քաղում է ամբողջ ժողովուրդը: «Արտաքին պարտքը չեն վերցնում ու ինչ-որ փոքր ու միջին ձեռնարկություններին վարկ տալիս, հետո, մամուլում տարածված հայտարարություններին ծանոթանալով, պարզվում է, որ վարչապետի ձեռնարկություններն են»,– ասաց նա: Պատասխանելով հարցին, որ եթե տնտեսական ճգնաժամը չի անդրադարձել մեր տնտեսության վրա և պարտք վերցնելու պատճառ դարձել, ինչպես երբեմն հայտարարվում է, ապա ինչու է Հայաստանի պարտքային բեռը կտրուկ աճել 2009թ., Բագրատյանը նշեց, որ վարչակարգը կասկածում էր, թե կմնա իշխանության, և «մտածում էին, ուր որ է համաժողովրդական շարժումը իրենց իշխանությունից կհանի, և շուտ-շուտ պարտքեր անեն, փող աշխատեն, գնան»։

«Այդ պարտքերն էլ՝ այդ $500  մլն-ը, Տիգրան Սարգսյանի նվերն է օլիգարխներին և բանկերին, որպեսզի իրեն պահեն որպես վարչապետ, դա իր վարչապետության գինն է եղել»,– եզրափակեց պատգամավորը:

Օվսաննա Գևորգյան