Հայրապետյանին զոհաբերելու ժամանակը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որը մեղադրանքներ էր պարունակում Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Տարածված հայտարարության մեջ ասված է. «Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասկանար դա (կամ էլ իրեն պետք է հասկացնեին) և հանդես գար համապատասխան բացատրություններով:  Ցավոք, դա տեղի չունեցավ»:

Քոչարյանի գրասենյակի արձագանքից տպավորություն է ստեղծվում, որ մինչև վերջին պահը սպասել են, որ Հայրապետյանը օրինաչափորեն պետք է հրաժարվի իր ասածներից, ինչպես դա արեց Գագիկ Ծառուկյանի պարագայում: Եթե Ռոբերտ Քոչարյանի պարագայում էլ Հայրապետյանը հայտարարի, թե որևէ վատ բան չի ասել երկրորդ նախագահի հասցեին, ապա անհրաժեշտ է ճշտել, թե Հայրապետյանն այդ հարցազրույցն ընդհանրապես տվե՞լ է, թե՞ ոչ: Կամ հարցազրույց տալու պահին ի՞նչ հոգեվիճակում է եղել:

Հայրապետյանը կարծես իշխանության խափանված խոսափողը լինի: Արդեն որերորդ անգամ հայտարարություններ է անում, որից հետո կա՛մ զղջում, կա՛մ գուցե նրան ստիպում են զղջալ: Օրինակ՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, չթաքցնելով իր անձնական հակակրանքը ԲՀԿ առաջնորդի նկատմամբ, հայտարարեց, որ «եթե «Բարգավաճը» շատ խնդրի, միգուցե քննարկեն նրան կոալիցիա վերցնելու հարցը»: Դրանից հետո ՀՀԿ-ն լրիվ հակառակ դիրքորոշումը հայտնեց, որովհետև բոլորին էր հայտնի, որ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելում ամենաշատը շահագրգռված էր Հայրապետյանի հովանավորը՝ Սերժ Սարգսյանը:

Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններն ու վարքագիծը ներկայում նույնպես չեն բխում Սերժ Սարգսյանի շահերից, որը նախկինի պես 2013թ. փետրվարի համար ցանկանում է ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը: Վերջին ամիսներին Հայրապետյանի վարքագիծը միայն ու միայն վանում է ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանից:

Չի բացառվում, որ ինչ-որ պահի ԲՀԿ-ի աջակցությունը ստանալու համար Սերժ Սարգսյանը ստիպված լինի անգամ զոհաբերել նրան: Հայրապետյանի պարագայում դա շատ հեշտ կլինի, որովհետև հասարակությունը, անկախ զոհաբերության մոտիվացիաներից, կողջունի դա: