Եկամուտը խեղդվում է դրամում

Պետական պարտատոմսերի բարձր եկամտաբերությունը արժեթղթերի շուկայի կարգավորչին և մասնակիցներին ստիպել է ներդնել նոր գործիք։ Այս տարի «Արցախ ՀԷԿ»-ը նախատեսում է թողարկել մոտ $8 մլն-ի արտարժութային կորպորատիվ պարտատոմսեր։

Պետական պարտատոմսերի շուկայում կառավարության վերջին չորս տարիների քաղաքականությունն ըստ էության տապալել է կորպորատիվ պարտատոմսերի շուկան։ Պայմանավորված պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ու 2009-ից հետո բարձր եկամտաբերությամբ տեղաբաշխված պարտատոմսերի մարման անհրաժեշտությամբ, ինչպես նաև գնաճի ու փոխարժեքի գործոնով՝ այս ժամանակահատվածում զգալիորեն աճել է պետական պարտատոմսերի եկամտաբերությունը։ Այսպես՝ 2008թ. համեմատ պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 0,7-տոկոսային կետով (օգոստոսի 31-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող ՊԿՊ-ի միջին եկամտաբերությունը կազմել է 9,2%), միջնաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունն ավելացել է մոտ 2 անգամ (օգոստոսի վերջին՝ 13,7%), երկարաժամկետներինը՝ 4,84-տոկոսային կետով (օգոստոսի վերջին՝ 14,62%)։ Հասկանալի է, որ պետական արժեթղթերի նման եկամտաբերության պայմաններում կորպորատիվ պարտատոմսերի եկամտաբերությունը գոնե 1-2 տոկոսային կետով պետք է բարձր լինի, քանի որ պետական պարտատոմսերը նվազ ռիսկային արժեթղթերի համարում ունեն։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ նույնիսկ այն ընկերությունները, որոնք կորպորատիվ պարտատոմսերի շուկա են մուտք գործել մինչև ճգնաժամը, իրացվելիությունը համալրելու կամ ներդրումային ծրագրերը ֆինանսավորելու համար նախընտրում են դիմել վարկային միջոցների օգնությանը (բանկային համակարգում մեկ տարուց ավելի ժամկետով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 17% է)։

Արդյունքում կորպորատիվ պարտատոմսերի շուկան վերակենդանացնելու համար Կենտրոնական բանկն ու շուկայի մասնակիցները որոշել են ներդնել նոր գործիք՝ արտարժութային պարտատոմսեր։ «Օրակարգի» տեղեկություններով՝ Հայաստանում առաջինը բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացրած «Արցախ ՀԷԿ» ընկերությունն այս տարի պատրաստվում է թողարկել մոտ $8 մլն-ի արտարժութային կորպորատիվ պարտատոմսեր՝ 10% եկամտաբերությամբ։

Դեռ անցած տարվա վերջին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն «Օրակարգին» հետ զրույցում նշում էր, որ ֆինանսական շուկայի գործող տոկոսադրույքների պայմաններում ընկերությունների համար տրամաբանական չէ պարտատոմսերի թողարկումը, չնայած առկա է արտարժույթով արտահայտված պարտատոմսերի պահանջարկ։ Ըստ Սարոյանի՝ բանկերը բավական մեծ իրացվելիություն ունեն, և ընկերություններն արտարժութային պարտատոմսերը կարող են դիտարկել որպես այլընտրանքային գործիք, առավելևս, որ նման պարտատոմսերի թողարկումը օրենքը չի արգելում։

Ինչու պարտատոմս և ոչ բաժնետոմս
«Արցախ ՀԷԿ»-ի կողմից արտարժութային պարտատոմսերի թողարկումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ամբողջովին դրամով արտահայտված մուտքեր ունեցող ընկերությունը նախատեսում է միջոցներ ներգրավել արտարժույթով՝ իր վրա վերցնելով արտարժութային ռիսկերը։ Չնայած այդ ռիսկերը ընկերությունը կարող է չեզոքացնել վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնում՝ ըստ էության դրանք տեղափոխելով սպառողների ուսերին։

Հատկանշական է նաև այն, որ երեք հրապարակային տեղաբաշխում իրականացրած «Արցախ ՀԷԿ»-ը հրաժարվում է բաժնետոմսերի հետագա տեղաբաշխումից և վարկերի սպասարկման, ներդրումների շարունակականությունը ապահովելու համար դիմում է պարտատոմսերի գործիքին։ Հիշեցնենք՝ անցած տարի նոյեմբերին ընկերության բաժնետոմսերի երրորդ տեղաբաշխմանը նվիրված միջոցառմանը Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը «Օրակարգին» ասել էր, որ բաժնետոմսերի թողարկումը շարունակական է լինելու, քանի որ ծրագրվում է սկսել Թարթառի կասկադի շինարարությունը, որն ավելի շատ ներդրումներ է պահանջելու։

Նշենք, որ «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը բավարարում է բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման համար և չէր վտանգի հիմնական բաժնետիրոջ՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության շահերը։ «Արցախ ՀԷԿ»-ի (կանոնադրական կապիտալը՝ ֌10,65 մլրդ) բաժնետոմսերի 47,89%-ը պատկանում է ԼՂՀ կառավարությանը, 35%-ը՝ թվով 4 խոշոր, իսկ 17,11%-ը՝ 1261 փոքր բաժնետերերի։