Նավթն ավելացնում է պահանջարկը

Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) իր ամենամսյա զեկույցում 2012-2013 թթ. համար բարձրացրել է նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը։ Գործակալության փորձագետների կանխատեսմամբ՝ 2012-2013 թթ. նավթի համաշխարհային պահանջարկը կաճի 800 հազ. բարել/օր-ով՝ 2013թ. վերջին հասնելով 90,6 մլն բարել/օր-ի։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (ՕՊԵԿ) ևս պահանջարկի աճ են ակնկալում։ Այսպես՝ շաբաթվա սկզբին կարտելը նավթի պահանջարկի իր կանխատեսումն այս տարվա համար ավելացրել է մինչև 89,55 մլն բարել/օր, 2013թ. համար՝ 88,74 մլն բարել/օր՝ օգոստոսին կանխատեսված 88,72 մլն բարել կանխատեսման համեմատ։ ՕՊԵԿ-ում նշում են, որ գլոբալ տնտեսության անկայունությունը չի նվազեցրել նավթի գլոբալ պահանջարկը։

ՕՊԵԿ-ը կանխատեսում է նաև, որ կարտելի անդամ չհանդիսացող երկրներ նավթի մատակարարման ծավալները անցած տարվա համեմատ ընթացիկ տարում կավելանան 0,7 մլն բարել/օր-ով՝ հասնելով 53,15 մլն բարելի։ Աճը կապահովեն հիմնականում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան և Չինաստանը։

Ընդ որում՝ նավթի համաշխարհային շուկայում ծանրակշիռ դիրք ունեցող երկրների շարքում կարող է հայտնվել ԱՄՆ-ը։ Ամերիկյան Bentek Energy ընկերության փորձագետների կանխատեսմամբ՝ առաջիկա տասը տարում ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալները կավելանան 74%-ով՝ կազմելով 11,6 մլն բարել/օր։ Ըստ Bentek Energy-ի՝ մինչև 2016թ. ԱՄՆ-ը նավթի ներկրումը կկրճատի 41%-ով՝ մինչև 2,8 մլն բարել/օր։

Մեկնաբանել